ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին ֆիլմը կցուցադրվի դեկտեմբերի 5-ին, 19։00-ին «Մատչ TV»-ի եթերում։ Այս մասին նշված է հեռուստաընկերության կայքում։
Միխայիլ Մոսակովսկին և Նոբել Առուստամյանը մեկնել են Հենրիխի մոտ` պարզելու համար, թե ֆուտբոլային աստղն ինչպես է ապրում ու խաղում Անգլիայում։ Լրագրողները նրա հետ երկու օր են անցկացրել և ներկա են եղել «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» հանդիպմանը։
Հեռուստաընկերությունը կցուցադրի Մխիթարյանի հետ բացառիկ հարցազրույցը, որում նա խոսում է անգլիական պրեմիեր լիգայի, «Մանչեսթեր Յունայթեդի» և ռուսական ֆուտբոլի մասին։
«Հենրիխն այն մարզիկներից է, որի մասին պետք է անպայման պատմել։ Մխիթարյանի պատմությունը ցույց է տալիս, որ երբեք չի կարելի բավարարվել ձեռք բերածով։ Ֆիլմում նա կարևոր խոսք է ասում` դիմելով այն երեխաներին, որոնք ֆուտբոլ են խաղում։ Ուզում եմ հավատալ, որ Մխիթարյանի օրինակը կարող է ավելի լավը դարձնել նաև մեր ֆուտբոլը»,- նշել է Մոսակովսկին։
Առուստամյանն էլ ուրախությամբ է խոսել Մխիթարյանի մասին ֆիլմ պատրաստելու մասին։
«Անկեղծ է ստացվել։ Առանձնակի շնորհակալություն Հենրիխի քրոջը` Մոնիկային, և «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբին»,- ասել է Առուստամյանը։
«Մատչ TV»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին նշել է, որ իրենց նպատակը մարդկային պատմություն ներկայացնելն է։
«Մեզ հետաքրքում է, թե ինչով է ղեկավարվում մարզիկը հաղթանակի ու պարտությունների ժամանակ, ով է նրանց ոգևորում, և ինչու են նրանք հանձնվում։ Միխայիլն ու Նոբելը բացառիկ և զգացմունքային ֆիլմ են պատրաստել 21-րդ դարի հայ ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի մասին։ Հենրիխն արդեն լեգենդ է դարձել, և մենք ուզում ենք ներկայացնել նրա պատմությունը»,- ասել է Կանդելակին։
Հենրիխը հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդին է, ծնվել է Երևանում։ Հայաստանի ազգային հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդամենը ութ տարեկան է եղել, երբ նրա հայրը մահացել է ծանր հիվանդությունից։
Գերմանական պարբերականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ ֆուտբոլ է խաղում հանուն հոր, որը միշտ ցանկացել է` որդին ֆուտբոլիստ դառնա։
Հենրիխն առանձնանում է ոչ միայն սպորտային լավ պատրաստվածությամբ, այլև պոլիգլոտ է, խոսում է անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, ռուսերեն ու հայերեն։
Տվյալ պահին Մխիթարյանը Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։