ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ուրբաթ հայտնել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիենայում դեկտեմբերի 6-ին, 7-ին կամ 8-ին։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպումը կկազմակերպվի Վիենայում անցկացվող ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում։
«Հանդիպումը, հավանաբար, կանցկացվի դեկտեմբերի 6-ին, 7-ին կամ 8-ին։ Հստակ օրը դեռ հայտնի չէ, սակայն երկու կողմն էլ համաձայնել է այս հանդիպմանը»,– ասել է Նալբանդյանը Բրազիլիայի արտգործնախարար Ալոիզիու Նունես Ֆերեյրայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ընդ որում, նա նշել է, որ Ադրբեջանը շարունակում է «անտեսել միջազգային հանրության կոչերն՝ ուղղված ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների կատարմանը»։
Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ միջնորդները հայտարարել էին, որ Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումը կանցկացվի ԵԱՀԿ նախարարների խորհրդի կուլիսներում։ ԵԱՀԿ ՄԽ միջնորդները մտադիր են հանդիպման օրակարգում ներառել քաղաքական կարգավորմանը, ինչպես նաև շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ կոնկրետ միջոցներ ձեռնարկելուն ուղղված հիմնական հարցերը։
ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11–ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ։
Դրանից հետո հանդիպել են երկու երկրների նախագահները, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի մշտական ներկայացուցչությունում։