ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. ՏՏ ոլորտով հետաքրքրվող ավելի քան 200 երիտասարդ հանրապետության բոլոր մարզերից հավաքվել էին Գյումրիում՝ ծանոթանալու ոլորտի խնդիրներին ու ձեռքբերումներին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի օրինակով: Նրանք մասնակցում են «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին:
Համաժողովի նպատակն է՝ բացահայտել կրթությունից բիզնես հնարավորությունները և մարտահրավերները, ցույց տալ Շիրակի մարզի հաջողված փորձը բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և հարակից ոլորտների՝ կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձևավորման գործընթացներում:
Երբեմնի արդյունաբերական հարուստ ավանդույթներ ունեցող Գյումրին, 1988 թվականին կորցնելով իր արդյունաբերական պոտենցիալը, տարիներ անց փոխում է իր դիմագիծը:
2014 թվականի սեպտեմբերի 13-ին պաշտոնապես բացվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ նպատակ ունենալով նպաստել քաղաքի զարգացմանը։
Կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում: Թեև կենտրոնը չի լուծում գյումրեցու սպասած շատ սոցիալ-տնտեսական խնդիրներ, սակայն այն արդեն էական նշանակություն ունի քաղաքի գործարար ու ներդրումային միջավայրի բարելավման, փոքր և միջին բիզնեսի խթանման, նոր աշխատատեղերի ստեղծման ու Գյումրի քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ճյուղերի զարգացման գործում:
Ընդհանուր առմամբ, Գյումրիում վերջին տարիներին մեծացել է հետաքրքրությունը ՏՏ ոլորտի նկատմամբ:
«Ոչ միայն հետաքրքրությունն է մեծացել, այլ նաև հավատը: Մի քանի տարի առաջ վստահություն չկար, ու բոլորն ասում էին, որ սա հերթական անարդյունավետ ծրագիրն է»,- նշում է ԳՏԿ-ի բիզնես մենեջեր Ամալյա Յեղոյանը:
Երկօրյա համաժողովի ընթացքում նախատեսել են քննարկումներ երեք թեմաներով. «Բիզնես միջավայրի աջակցություն», «Բիզնես մտածելակերպի խթանումը մարզերում», «Առաջընթացը կրթության ոլորտում` ՀՀ զարգացման գրավական»:
«Վստահ ենք, որ համաժողովին մարզային երիտասարդության մասնակցությունը մեծ խթան կհանդիսանա երիտասարդների համար՝ մուտք գործել տեխնոլոգիական ոլորտ, դառնալ հաջողակ ձեռներեցներ, նպաստել աշխատատեղերի ստեղծմանն ու ընդհանուր կենսամակարդակի բարձրացմանը››,- նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ համաժողովի անվանումը ճիշտ նպատակ է արտահայտում. Հայաստանում նպատակ է դրվել զարգացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես մեր տնտեսության առաջ մղող ուղղություններից մեկը, որը ներդրումների ներգրավման և արտահանման մեծ ներուժ ունի:
«Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը լավ օրինակ է, թե ինչպես կարելի է մարզում հիմնել և զարգացնել մի կառույց, որը խթանում է տեխնիկական և գործարար հմտությունների զարգացումը, նպաստում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինովացիոն հետազոտմանն ու զարգացմանը, իրականացնում է մտքի և տաղանդի կոմերցիալիզացիա և այն վերածում գործող հաջողակ բիզնեսների», —նշեց կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ մոտ երեք տարվա գործունեության արդյունքում Տեխնոլոգիական կենտրոնն արդեն ստեղծել է մոտ 200 աշխատատեղ, ունի մոտ 100 շահառու կազմակերպություն, տարեկան պատրաստում է ավելի քան 500 մասնագետ:
Կենտրոնում գործում է 25 տեղական և արտասահմանյան կազմակերպություն:
Համաժողովի ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի և «Թվային Նուռ » ընկերության հիմնադիր Թոդ Ֆաբաքերի միջև կնքվեց հուշագիր՝ ՀՀ ճանապարհների թվայնացման պիլոտային ծրագրի մեկնարկի մասին: Այս ծրագրի մեկնարկը ևս Շիրակից է: