ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2017 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելը, հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։
Նախագահը նշել է, որ Թոնի Ֆադելը, հիրավի, այն մարդկանցից մեկն է, որոնք այս թվային դարում ձևավորում են մեր առօրյան ու կենսակերպը:
«Հարգելի՛ պարոն Ֆադել, այս մրցանակով մենք ցանկանում ենք նշանավորել Ձեր և Ձեր ղեկավարած թիմերի ձեռքբերումները՝ «այՓոդ» նվագարկիչների, «այՖոնների», թերմոկարգավորիչների, երեխաների համար անվտանգ և խելացի խաղալիքների ստեղծման և այլ ոլորտներում: Հուսով եմ, որ Հայաստանում գտնվելու օրերին Ձեր հաջողության պատմությունը կկարողանաք ներկայացնել մեր ուսանողներին և մասնագետներին, քաջալերել նրանց հասնելու նոր բարձունքների:
Ես չգիտեմ՝ 3-4 տարեկան հասակում տանը, Ձեր պապիկի, Ձեր հայրիկի հետ միասին վարդակները փոխելիս, որքան է զարգացել Ձեր հետաքրքրասիրությունը, սակայն Ձեր նորարարական գաղափարները կենսագործելու ցանկությամբ տոգորված և նույնիսկ 80 գործարարից 80 մերժում ստանալուց հետո Դուք, այդուամենայնիվ, չեք դադարել հավատալ Ձեր ուժերին և, ի վերջո, հասել եք հաջողության:
Ըստ իս՝ առաջին և կարևոր դասը, որ Ձեր պատմությունը կարող է առաջարկել մեզ, հետևյալն է. ձախողումները բաղձալի նպատակին հասնելու ևս մեկ փուլ են»,- ասել է Սերժ Սարգսյանը։
ՀՀ նախագահի մրցանակն արդեն 8-րդ անգամ է շնորհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հեղափոխական փոփոխություններ առաջարկած և իրականացրած անհատներին: