ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրել 100 միլիոն ԱՄՆ դոլար պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման նպատակով:
Որոշման մեջ ասված է, որ Հայաստանը պետք է օգտագործի վարկը ապրանքի մատակարարման յուրաքանչյուր գործարքի 90%–ի ֆինանսավորման համար։ Ընդ որում` հայկական կողմը պետք է որպես կանխավճար տա գործարքի առնվազն 10%–ը։
Վարկային գիծը բացվում է 2018-22 թվականներին, տարեկան 3% տոկոսադրույքով ու 15 տարի մարման ժամկետով։
Արտահանման վարկի տրամադրման մասին որոշումը ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերի 24–ին։
Ավելի վաղ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ 200 մլն դոլարի առաջին ռուսական վարկի ռազմական մատակարարումները կավարտվեն մինչև 2017 թվականի վերջը: Վարկի վերաբերյալ փաստաթուղթը ստորագրվել էր դեռ 2015 թ. հունիսի 25-ին, սակայն ուժի մեջ է մտել 2016 թ. փետրվարի 10-ից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանը բանակցում է նոր վարկի համար: