Լրատվամիջոցները շարունակում են գրել հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի ու դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովկայայի աղմկահարույց պատմության մասին։ Դերասանի երիտասարդ կնոջը մեղադրում են շահամոլության ու ֆինանսական խարդախությունների մեջ, իսկ նա այդ ամբողջ ընթացքում լռում էր։ Վիտալինան բացառություն է արել Sputnik Գրուզիայի համար։
- Պարբերականները գրում էին, որ դուք փախել եք Թբիլիսի։
— Ես մամուլին չեմ հետևում, բայց մտերիմներս ինձ տեղեկություններ են ուղարկում, եթե անհրաժեշտ են համարում, այնպես որ ես տեսել եմ վերնագրերը, ու դրանք բացարձակ սուտ են։ Պարզապես սուբյեկտիվ կարծիք է, որը ոչնչի վրա հիմնված չէ։ Որոշ մարդիկ կարծում են, որ եթե ես հանրային մարդ եմ, ապա ինձ համար այս իրավիճակը պետք է ընդունելի լինի։ Մենք վաղուց էինք միասին, բայց հարցազրույցներ չէինք տալիս` խնայելով մեր անձնական կյանքը։ Մինչև մամուլում մեր մասին չսկսեցին անհեթեթ բաներ գրել։ Իսկ հիմա, անկեղծ ասած, ես հոգնել եմ, որ ամեն օր դռան մոտ մեկը տեսախցիկով կանգնած փորձում է սենսացիայի համար տուն մտնել, կամ Արմեն Բորիսովիչի անունից օտար մարդիկ են գալիս։ Ինձ մինչ այժմ չի հաջողվել խոսել ամուսնուս հետ, ինձ սպառնում էին։ Այդ պատճառով էլ ես հեռացել եմ։ Ես չէի թաքնվում, բայց իմ ուղևորությունը չէի ցանկանում շոուի վերածել։
- Հավանո՞ւմ եք Թբիլիսին։
— Թբիլիսիում շատ լավ է։ Ընտրել եմ այս քաղաքը, քանի որ ընկերներս ու ծանոթներս Վրաստանը շատ էին գովում։ Գիտեի, որ Թբիլիսին գեղեցիկ քաղաք է, բայց ոչ մի անգամ այստեղ չէի եղել։
- Հասարակությունը հետաքրքրվում է` ինչով եք զբաղվում Վրաստանում։ Լուրեր կային, որ ծովում հանգստանում եք, իսկ հետո Ռուսաստան եք վերադառնալու։
— Իհարկե, վերադառնալու եմ։ Բայց հիմա պետք է հանգստանամ, շեղվեմ, ուժերս հավաքեմ։ Սկզբում մտածում էի, որ էքսկուրսիաների տրամադրություն չեմ ունենա, բայց վերջերս զբոսնում էի Թբիլիսիով, եղա Կախեթում, այստեղ շատ տպավորիչ տեղեր կան։ Բայց այս երկրում ավելի կարևոր է մարդկային ու հուզական գործոնը։ Մարդիկ մեզ շատ լավ էին դիմավորում։ Ես բացառապես դրական տպավորություններ ունեմ։ Իսկապես ջերմ երկիր է։
- Թերթերում գրում էին, որ դուք այստեղ հոգեբանական օգնություն եք ստանում։
— Իրականում ինձանով զբաղվելու ժամանակ չունեի։ Վերջին երկու տարվա ընթացքում նույնիսկ չէին հասցնում մերսման հաճախել։ Թատրոն ղեկավարելն ու համերգները ծանր աշխատանք են պահանջում։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ամբողջ ազատ ժամանակս տրամադրում էի Արմեն Բորիսովիչին։ Մեր տան վերանորոգման հետ կապված շատ աշխատանք ունեի։ Այդ պատճառով ես հրաժարվեցի հանգստից, իսկ մեզ հենց Վրաստան էին հրավիրում։ Բայց Արմեն Բորիսովիչն ուզում էր հնարավորինս շուտ նոր բնակարան տեղափոխվել ու անընդհատ շտապեցնում էր, որ վերանորոգումը շուտ վերջանա։ Աշնանն ինձ կոտրված զգացի, ու անսպասելիորեն պատահեց այն, ինձ պատահեց։ Իմ էներգիան սպառվել էր, ու ես ֆիզիկական վերականգման կարիք ունեի։ Ես վարժություններ եմ անում բժշկի հսկողությամբ, դա հոգեբանական թերապիա չէ։
- Ինչպե՞ս կմեկնաբանեք առանց նրա համաձայնության նկարահանված տեսանյութերը։
— Սովորական տնային տեսանյութեր են։ Արմեն Բորիսովիչը հանրային մարդ է, հայտնի մարդկանցից շատերն են իրենց տեսանյութերը տեղադրում սոցիալական ցանցերում։ Մենք տեղադրում էինք փորձերի տեսանյութերը, նրա մտորումները ներկայացումների շուրջ, կամ ինչպես է նա մեքենա վարում` ի պատասխան այն սուտ բամբասանքների, թե իբր նա հիվանդանոցում է։
- Երեկ Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» հաղորդման ընթացքում շատերին զարմացրեց Ձեր այս արտահայտությունը. «Ես ծրագրում էի, որ նա դեռ 10 տարի էլ կապրի…»։
— Ինչ ուզես, կարող ես աղավաղել։ Ես բազմաթիվ անգամ կրկնել եմ, որ Արմեն Բորիսովիչն ինձ է հասել ինսուլտներից հետո, երբ հայտնի չէր` երբ կապաքինվի և ընդհանարապես կապաքինվի, թե ոչ։ Բայց ես չէի պատրաստվում հանձնվել և մեր առաջ առնվազն տասը տարվա նշաձող էի դրել։
- Սոցցանցերում ամենատարածված մեկնաբանությունն այս է. «Ես չեմ հավատում նրանց սիրուն»։
— Իսկ ես նրանց սիրուն չեմ հավատում, ինչպե՞ս մեկնաբանեմ։ Ինչպե՞ս կարող են օտարներն ընդհանրապես գնահատել որևէ մեկի սերը։ Տարիքային մեծ տարեբրությամբ երջանիկ ամուսնությունների բազմաթիվ օրինակներ կան, հատկապես` հայտնի մարդկանց շրջանում։ Անուններ չեմ ասի. բոլորդ էլ գիտեք։ Ստեղծագործող մարդկանց դեպքում դա ավելի հաճախ լինում է անձի մեծության, ուսուցչի, իդեալի հանդեպ հիացմունքի արդյունքում… ես սիրել եմ նրան որպես մեծագույն դերասանի։
- Ինչո՞ւ էիք դուք լռում` չպատասխանելով ձեզ ուղղված մեղադրանքներին։
— Այս իրավիճակը ստորացուցիչ է նախևառաջ Արմեն Բորիսովիչի համար։ Ես չէի ուզում մեկնաբանել, որպեսզի չիջնեի նրան շրջապատող մարդկանց մակարդակին։ Ամեն ինչի մասին խոսում են հաշվետվությունները, որոնք կարելի է տեսնել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի կայքում։ Բայց մարդկանց համար կարևորը սկանդալն է։ Որևէ մեկն ուշադրության չի արժանացանում այն փաստը, որ մենք տևական ժամանակ միասին ենք ապրել` ամուսիններ չլինելով։ Ինչի՞ վրա կարող էի հույս դնել այն ժամանակ։ Մենք ապրում էինք մեկ սենյականոց բնակարանում, թատրոնը պարտքեր ուներ, ի՞նչ ճոխության մասին կարող էր խոսք լինել։ Իմ կյանքում ավտոմեքենա է հայտնվել, երբ ես 36 տարեկան եմ եղել։ Ես արդարանալու պատճառ չունեմ։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։
- Մարդիկ սպասում էին, որ դուք առնվազն տխուր տեսքով կներկայանաք։
— Լսեք, եթե հրապարակավ կոտորեմ ինձ, անկեղծ չի լինի։ Ինձ պետք չէ։ Ես ոչ մի վատ բան չեմ արել, ոչ մի բանի համար չեմ զղջում ու բոլոր արարքներիս համար կարող եմ պատասխան տալ։ Այս իրավիճակն իմ մեղքով չի ստեղծվել։ Այո, ինձ տխրեցնում է նրա պահվածքը, առաջին հերթին այն պատճառով, որ նա ինքն իրեն է վնասում։ Ես չգիտեմ` ինչով է սնվում, ինչ դեղեր է ընդունում, իսկ դեղերը նրան անհրաժեշտ են ամեն օր։ Ես նման բան չէի ակնկալում, բայց… կա այնպիսի հասկացողություն, ինչպիսին արժանապատվությունն է։ Ես արժանապատվություն ունեմ։ Միլիոնավոր անծանոթներին կյանքս չեմ պատմելու։
- Ինչու՞ նա տանը չի ապրում։
— Այդ հարցը պետք է ինձ չուղղեք։ Տան դռները նրա առաջ միշտ բաց են։ Այն բնակարանը, ուր նա ուզում էր տեղափոխվել, մինչև հիմա կահավորված չէ։ Նրան այնտեղ էին բերել մամուլում աղմուկ բարձրացնելու համար։ Ընդ որում` ոչ թե նա էր փորձում մտնել այդ բնակարան, այլ օտար մարդիկ։ Ես դեմ եմ օտարների հետ ապրելուն։
- Այնուամենայնիվ, դուք ուզում եք ամուսնալուծվել։
— Այո, քանի որ մենք արժանապատիվ կյանք ենք ապրել, իսկ այդպիսի հրապարակային վիրավորանքը դժվար է ներել։ Թեև մենք մինչև հիմա էլ դեմ առ դեմ չենք խոսել։ Համաձայնեք` երբ մարդ ուզում է ամուսնալուծվել, նա առաջին հերթին այդ մասին ասում է իր կնոջը, ոչ թե ԶԼՄ-ներին։ Այնպես որ հետագա շփումը նրանից է կախված։
- Այսօր չեք զղջո՞ւմ անցած 15 տարվա համար։
— Ոչ մի բանի համար չեմ զղջում։ Այդ բոլոր տարիների ընթացքում ես միայն նրա հետ եմ կյանքս կառուցել, չէի պատկերացնում, որ հանգամանքները կարող էին այլ կերպ դասավորվել։ Ես միշտ սիրել եմ նրան, չեմ փորձել զգացմունքներս ապացույցել հասարակության առաջ։ Չէի փորձում պատմել բոլորին` ինչ եմ նրա համար անում, որովհետև դա բնական էր, նա ինձ համար հարազատ մարդ է։ Հասկանո՞ւմ եք` ես գիտակցում էի, որ տարիքային այսպիսի տարբերությամբ մեզ դժվար է լինելու, ոչ բոլորը կհասկանան մեզ։ Այդպիսի հարաբերությունները նաև մեծ պատասխանատվություն են ենթադրում։ Բայց դա իմ ընտրությունն էր, ու ես չեմ ամաչում նրա հետ ապրած ոչ մի օրվա համար։ Մենք լավ կյանք ենք ապրել։ Միայն դա կարող եմ ասել։