ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ապահովեն երեխաների պատշաճ ու որակյալ խնամքը ինստիտուցիոնալ հաստատություններում, ասաց ՄԱԿ-ի (UNICEF) Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը` ելույթ ունենալով «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ստեղծված անչափահասների արդարադատության խորհրդի բացման նիստի ժամանակ։
Երևանում այսօր բացվեց «Երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքը» երկօրյա խորհրդաժողովը։ Դրան մասնակցում են տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք գտնվում են Հայաստանում և այլ երկրներում։
«Հայաստանը լուրջ քայլեր է անում, որպեսզի բարձրացնի հատուկ հաստատություններում երեխաների խնամքի պայմանները։ Սակայն խնամքի ինստիտուտներում տեղավորումը պետք է անցնի համապատասխան կազմակերպությունների խիստ հսկողության տակ», – ասաց Ռադոչայը։
Նրա խոսքով` ամեն երեխա ընտանիքում ապրելու իրավունք ունի, ու հաճախ այն խնդիրները, որոնք երեխաներին բաժանում են ծնողներից, կարող են լուծվել։ Ծրագրերի շնորհիվ 2005 – 2007 թվականներին մանկատան տիպի հատուկ հաստատություններում գտնվող երեխաների թիվը ամբողջ Հայաստանում կրճատվել է տասներկու հազարից հասնելով չորս հազարի։
«Գործընթացը կանգ առավ, երբ երկիրը տնտեսական ճգնաժամում հայտնվեց», – ասաց Ռադոչայը։
Նա նաև ընդգծեց, որ երեխաներին ընտանիք վերադառնալ կօգնեն հատուկ նախագծերն ու ներառական ուսումն ապահովող ծրագրերը։
Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչի կարծիքով` այսօր մշակված են սկզբունքներ, որոնց համաձայն պետք է ապրի ժամանակակից երեխան։
«Հասարակությունը պետք է երեխաների համար տարբեր հնարավորություններ ապահովի` ապրել առանց բռնության, մասնակցել բոլոր գործընթացներին, որոնք պաշտպանում են նրա իրավունքները։ Պետք է նաև հաշվի առնել երեխայի շահերը», – ասաց Մարկովիչը` ելույթ ունենալով խորհրդաժողովին։
Նա նաև կոչ արեց Հայաստանին վավերացնել Լանզարոտեի կոնվենցիան (Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա):