Արմենուհի Մխոյան, Sputnik.
Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցին Գյումրիում գործող հնագույն եկեղեցիներից մեկն է: Բացի ռուս ուղղափառ եկեղեցու ծեսերից, եկեղեցում մատուցվում է պատարագ նաև հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովվի կողմից: Եկեղեցին ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Ժամատունը կառուցվել է տեղական սև սրբատաշ քարով։ Եկեղեցին գյումրեցիները կոչում են «Պլպլան ժամ»` շողշողացող թիթեղյա գմբեթի պատճառով։
1800 —ականներին կառուցված եկեղեցին վերաբացվել է 2010 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խնդրանքով Ռուս ուղղափառ եկեղեցու, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք, նորին սրբություն Կիրիլ Առաջինի թույլտվությամբ եկեղեցում մատուցվում է պատարագ նաև հայ առաքելական եկեղեցու հոգևորականի կողմից:
Ամիսը երկու անգամ հայ հոգևորականը կիրակնօրյա պատարագ է մատուցում եկեղեցում, որին մասնակցում են ինչպես հայ, այնպես էլ ռուս քրիստոնյաներ, չնայած, ըստ եկեղեցական կանոնակարգի` ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդը հաղորդություն չի ստանում հայ հոգևորականից:
Գյումրիում այս շրջանում ռուս հոգևորականի կողմից հիմնականում պատարագներ մատուցվում է մեկ այլ գործող` Սուրբ Ալեքսանդրիայի եկեղեցում, որը գտնվում է ռազմաբազայի տարածքում, բայց ցանկության դեպքում «Պլպլան ժամում» ևս պատարագ, մկրտություն ու պսակի արարողություն կատարվում է:
Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց Գյումրիում ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ հայր Անդրեյը, եկեղեցում այս ընթացքում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել՝ վերանորոգվել է գմբեթը, իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ, համալրվել է ջեռուցման համակարգը, իսկ այս պահին եկեղեցու պատերին նկարվում են որմնանկարներ: «Այս պահին Ռուսիո պատրիարքի թույլտվությամբ պատարագ մատուցվում է միայն հայ հոգևորականի կողմից, իսկ մեր կողմից կիրականացվեն պատարագներ եկեղեցու որմնանկարման աշխատանքների ավարտից հետո»,-նշեց հայր Անդրեյը:
Ազգությամբ ռուս Տատյանա Զաքարյանը, ով հայի հետ ամուսնանալով արդեն 40 տարի է բնակվում է Գյումրիում, նշեց, որ մինչ այս եկեղեցու վերաբացվելն ինքն իր աղոթքն առ Աստված հղել է Գյումրու Յոթ Վերք եկեղեցում: «Այստեղ էլ և՛ ռուսներ են գալիս, և՛ հայեր, կանգնում ենք կողք կողքի ու միասին աղոթում: Տարբերությունը մեծ չէ, նույնիսկ կան աղոթքներ, որոնք միայն տարբեր լեզուներով են, իմաստային տարբերություն չկա, անգամ ծեսն է նույնը»,-նշեց տիկին Տատյանան:
«Ոտքերս այդ կիրակի ուր տարան, այդտեղ էլ պատարագի կգնամ` կա՛մ Յոթ Վերք, կա՛մ Պլպլան, իմ համար միևնույն է՝ Աստված մեկն է»,–նշում է 80 —ամյա Ասյա տատն, ով պարբերաբար այցելում է Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցի:
Նշենք, որ ժամանակին, երբ Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցին չի գործել, ռուս ուղղափառ եկեղեցին իրավունք է ունեցել պատարագել Յոթ Վերք եկեղեցում: «Այդ ժամանակ իրենք նույնիսկ հատուկ խորան են ունեցել Յոթ Վերք եկեղեցում և այնտեղ պատարագ է տրվել»,-նշեց եկեղեցու հայ հոգևոր հայր տեր Ստեփանոս քահանա Ավետիսյանը:
Ի դեպ, Գյումրիի տարածքում Ռուսիո պատրիարքության հովանու ներքո գտնվում է 4 եկեղեցի և ևս մեկ շարժական եկեղեցի, որն օգտագործվում է ուսումնական վարժանքների ժամանակ:
Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցին օծվել է 1886 թվականին Վրաստանի հույն-ռուսական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Պողոսի կողմից։ 1920 թվականին խորհրդային կարգերի հաստատումից հետո ժամատունը փակվել է։ 1980-ականներին այն ծառայել որպես հայ-ռուսական բարեկամության թանգարան։ 1988 թվականի երկրաշարժից կառույցը վնասվել էր, և ոչնչացել են ցուցանմուշները։ 1997 թվականին ժամատունը դարձել է Սուրբ Միքայել հրեշտակապետի անվան ռուսական ուղղափառ եկեղեցի։ Ժամատունը չափերով մեծ չէ, հորինվածքը կենտրոնագմբեթ է։ Եկեղեցին քառակուսի հատակագծով շինություն է, դրսի կողմից չորս անկյուններին միացած հաստ, աստիճանաբար նեղացող հենապատերով։
Ասում են`մինչ այս Պատվո բլուրի տարածքում եղել է հայկական եկեղեցի, որի մասին ոչ մի հիշատակություն չկա։ Եկեղեցու գոյության մասին է վկայում միայն մի նկար: