ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. 2017թ-ին Հայաստանում գրանցված տնտեսական աճի բարձր մակարդակը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի խոսքով` պայմանավորված է համաշխարհային տնտեսության վերականգնմամբ և ներքին պահանջարկի շարունակական աճով։ Այս մասին այսօր խորհրդարանում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց Արթուր Ջավադյանը։
Նրա խոսքով` 2017-ի առաջին կիսամյակում արձանագրվել է 6% տնտեսական աճ։ Կառավարությունն ակնկալում է, որ տարեվերջին էլ այն զգալիորեն կգերազանցի կանխատեսած 3,2 %-ը։
ԱԺ պատգամավորներից ոմանք, սակայն, չկիսեցին ԿԲ նախագահի այս լավատեսությունը։
«Ծառուկայն» խմբակցության անդամ, նախկին սոցապփոխնախարար Գևորգ Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ ի հակադրություն կառավարության ներկայացրած թվերի, բնակչության կյանքի որակը ոչ թե լավացել, այլ վատացել է։ «Եթե նվազագույն աշխատավարձը չի բարձրանում, կենսաթոշակը չի բարձրանում, ի՞նչ թվաբանության մասին է խոսքը: Դրանք միայն բարի ցանկություններ են»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ մարդկանց եկամուտնորը չեն աճում, բայց առաջին անհրաժեշտության ապրանքների գները շարունակում են աճել։
Պատգամավորի այս դիտարկման հետ ԿԲ նախագահը չհամաձայնեց։
«Կան ապրանքատեսակներ, որոնք նույնիսկ էժանացել են, ինչպես օրինակ, միրգը, բանջարեղենը, վառելիքը»,- ասաց նա։
Արթուր Ջավադյանը վստահեցրեց, որ համատարած գնաճ Հայաստանում չկա։