ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն ընդամենը 0.2% գնաճ է արձանագրել։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այս տվյալները վստահելի չի համարում։
«Եթե մի փոքր ուշադիր լինենք, կտեսնենք, որ թանկացման հիմնական աղմուկը սկսվեց հենց սեպտեմբերին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրեց նա` հավելելով, որ վիճակագրական ծառայությունն առաջնորդվում է 450 անուն ապրանքների գներով, և գնաճի ընդհանուր ցուցանիշը ներկայացվում է միջինացված արժեքով։
Ըստ Պիպոյանի` այդ դեպքում մի տեղ կունենանք գնաճ, մի տեղ` գնանկում, արդյունքում կստացվի 1.2%։
Հետաքրքական է, որ վիճծառայության ներկայացրած տվյալների համաձայն` նույնիսկ 0.2%-անոց գնաճը պայմանավորված է ոչ թե պարենային, այլ ոչ պարենային ապրանքների թանկացմամբ, օրինակ` կոշկեղենի և հագուստի 7-9%-անոց գնաճով։ Մինչդեռ սննդամթերքը, ըստ պաշտոնական տվյալների, սեպտեմբերին նույնիսկ էժանացել է։ Միրգն, օրինակ, էժանացել է 9.5%-ով, շաքարը` 4.6։ Իսկ կարագն ու մսամթերքը թանկացել են` առաջինը 4.2, երկրորդը` 0.3%-ով։
Այս ցուցանիշները ևս Բաբկեն Պիպոյանին խիստ անիրատեսական են թվում։ «Միայն կարագը սեպտեմբերին թանկացել է 30-35, միսը` 20-25%-ով»,- ասում է Պիպոյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանում վերջին 2 ամսվա ընթացքում գրանցված գնաճին, սպառողների շահերի պաշտպանը համաշխարհային շուկայի զարգացումների հետ որևէ կերպ չի կապում։
«20 օրվա ընթացքում նման գնաճ աշխարհի որևէ երկրում չկա»,- ասում է Պիպոյանը։
Սեպտեմբերի 20-ից ի վեր Հայաստանում կտրուկ թանկացել են պարենային մի շարք ապրանքներ։ Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կառույցների ներկայացուցիչներն ամենակտրուկ թանկացումն արձանագրում են կարագի և մսամթերքի շուկայում։ 1 կգ կարագի գինը 20 օրվա ընթացքում 2800 դրամից հասել է 4200-ի,1 կգ տավարի մսի գինը 2100 դրամից հասել է 2500-ի, ոչխարինը` 2200-ից 2800, խոզինը՝ 2600-ից 3500 դրամի։
Պատկան կառույցները մսի թանկացումը մեկնաբանում են գյուղատնտեսության համար ոչ բարենպաստ տարով, կարագինը` միջազգային շուկայի գնային տատանումներով։