ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Արցախը գիտի վերապրել։ Այս երկիրն ինչքան գնդակոծում են, այնքան ավելի խաղաղասեր և ուժեղ մարդիկ են ծնվում, իսկ տնտեսությունը միայն աճի մասին է մտածում։ Այսպես, վերջին տարիներին արձանագրվել է ՀՆԱ-ի 9-10 տոկոս աճ, իսկ օտարերկրյա ներդրողներն ավելի ու ավելի շատ են հետաքրքրվում Հայաստանով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
«Արցախում ստեղծված են բարենպաստ պայմաններ ներդրումների ու քաղաքակիրթ բիզնեսի համար։ Արդյունքում մեր երկրի տնտեսության ամենատարբեր ոլորտներում նկատվում է օտարերկրյա ներդրումների աճ»,–ասել է նախագահ Սահակյանը։
Արցախում ներդրողներից մեկն էլ լիբանանահայ գործարար Րաֆֆի Սեմերջյանն է։
«Մենք ներդրում արեցինք Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում, այնտեղ բացվեց «Արի–ավան» կոչվող բնակելի թաղամասը։ Այդ գյուղն ուղիղ Լաչինի ներքևում է։ 16 ընկերով սկսեցինք գործընթացը, հիմա 180 բաժնետեր կա մեջը։ Կարևոր է, որ ազատագրված հողերում են մեր ներդրումները»,–ասաց Սեմերջյանը։
Նա կարծում է, որ Արցախում պատերազմական դրությունը որևէ կերպ չի կարող խանգարել ներդրողներին։ Որպես օրինակ` գործարարը մեջբերեց Լիբանանի փորձը։
«Չկա ամիս, որ Լիբանանում խնդիր չլինի, բայց կապ չունի, տնտեսության ցիկլը շարունակվում է։ Պատերազմ կար Լիբանանի պես երկրում, բայց այնտեղ ֆինանսավորողներն էլ էին շատ»,–ասաց Սեմերջյանը։
Այսօր Արցախում մեծ ուշադրություն են դարձնում կրթությանն ու մշակույթին` դրանք համարելով ժողովրդի մեծագույն հարստությունը։ Հենց դա էլ զուգահեռաբար գրավում է ներդրողներին։