ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի լեռնագնացները Բջնի առողջարանային գյուղում երեք երթուղի են մշակել, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը:
Նրա խոսքով, նոր երթուղիների բացումն ու հաղթահարումը կկայանա այս շաբաթ օրը` հոկտեմբերի 28-ին:
«Այս ժայռերն առաջին անգամ ենք բարձրանալու: 50 մարդ է լինելու` մեծահասակներ և երեխաներ: Նոր երթուղիները մշակվել էին տասը օր առաջ, իսկ հիմա մենք պատրաստ ենք բարձրանալու», — ասաց Դանիելյանը:
Բջնիի ժայռերի վրա երթուղիների վերականգնումը կօգնի վերականգնել հայտնի հանգստավայրի նախկին փառքը և կնպաստի գյուղական զբոսաշրջության և սպորտի զարգացմանը:
Դանիելյանը նաև ավելացրեց, որ ժայռի բարձրությունը 45 մետր է: Ընդ որում, ըստ ալպինիստի, հոկտեմբերի 28-ը ժայռամագլցման վերջին օրն է, դրանից հետո եղանակային պայմանների պատճառով սեզոնը փակվում է:
Դեռևս խորհրդային տարիներին Բջնին հայտնի էր իր ժայռամագլցման ուղիներով, որոնք հնարավորություն էին տալիս ոչ միայն մարզվել և լինել լավ մագլցող, այլ նաև անցկացնել տարածաշրջանային մագլցման առաջնություններ: ԽՍՀՄ տարիներին սպորտային մագլցման համար ներուժ հանդիսացող Բջնին վերջին տարիներին, սակայն, անուշադրության էր մատնվել։
Բարեբախտաբար այսօր, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շնորհիվ, որը ֆինանսավորում է Ռուսաստանը, հնարավոր դարձավ վերականգնել Բջնու մագլցման ժայռային հնարավորությունները, որին մասնակցություն ունեցավ նաև «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան»:
ՄԱԶԾ-ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի հետ համատեղ Բջնիում մշակվեցին մագլցման երեք ուղի, որոնցից մեկը նախատեսված է պատանիների մագլցման համար և ունի 4a բարդություն, իսկ մյուս երկուսը մեծերի համար` 5c-6a, 5b-5c բարդություն:
Երևանից ոչ հեռու գտնվելը (37կմ) Բջնիի համար դրական կողմ է, քանի որ քիչ ժամանակ վատնելով ճանապարհի վրա, ավելի երկար ժամանակ է հնարավոր հատկացնել մագլցմանը: Ժայռերը գտնվում են Հրազդան գետի ափի մոտ։