Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան
Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ընթացքում քննարկված խնդիրներն անմիջականորեն կապված էին Հայաստանի համար արդիական և կարևոր հարցերի հետ:
Տրանսպորտ
Սա առաջին հերթին վերաբերում է «ճանապարհային քարտեզին», որի մասին վերջերս բավականին հաճախ է խոսվել: Հայաստանի համար, որը միակն է ԵԱՏՄ երկրներից, որ կազմակերպության մյուս երկրների հետ ընդհանուր սահմաններ չունի, տնտեսական դաշնակիցների հետ տրանսպորտային քաղաքականության համաձայնեցման մասին հարցն առավել արդիական է, քան մյուսների համար:
Ընդհանուր տրանսպորտային և մաքսային սահմանների բացակայության պայմաններում Հայաստանը հույսը դրել է նրա վրա, որ ԵԱՏՄ–ի տրանսպորտային քաղաքականությունը կհամաձայնեցվի կազմակերպության բոլոր անդամների հետ` ելնելով հենց այն աշխարհաքաղաքական իրավիճակից, որում մեր երկիրը գտնվում է:
Դա, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանը ստիպված կլինի ինքնուրույն լուծել Անդրկովկասի տարածաշրջանում սուր քաղաքական իրավիճակի պատճառով առաջացող տրանսպորտային խոչընդոտների հարցը:
Նման հզոր տնտեսական կազմակերպությունը, ինչպիսին է ԵԱՏՄ–ն, ենթադրում է, որ խնդիրը պետք է լուծվի համատեղ ջանքերով: Ըստ երևույթին, հենց դա է պատճառը, որ այս հարցը միջկառավարական խորհրդի նիստի օրակարգի հիմնական հարցերից մեկն էր:
Նախօրեին խոսվում էր այն մասին, որ Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում վրացական տարանցման ճանապարհ` Աբխազիայի տարածքով անցնող երկաթգիծ բացելու համար: Եվ սա ռուսական կառավարական պատվիրակության կազմում Հայաստան ժամանած տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի կողմից արված ամենակարևոր հայտարարություններից մեկն էր:
Էներգետիկա, Էլեկտրականություն և էներգակիրներ. երեք «Է»–եր, որոնք հույս են ներշնչում
Հայաստանի համար ոչ պակաս կարևոր է Եվրասիական համագործակցության շրջանակներում էներգակիրների միասնական շուկայի կազմակերպման հարցը, որը նույնպես քննարկվել է Երևանում: Հասկանալի է, որ Հայաստանն էներգակիրներ չունի, սակայն երկրում էլեկտրաէներգիայի արտադրությունը տնտեսության գերակա ուղղություններից մեկն է: Այս տեսանկյունից էներգակիրների ԵԱՏՄ միասնական շուկայի արագ ձևավորումը նույնքան կարևոր է Հայաստանի համար, որքան միության մյուս մասնակիցների համար:
Իսկ այն պայմաններում, երբ էներգակիրներով հարուստ Ռուսաստանը ասում է, որ ԵԱՏՄ–ն ամենևին էլ այն կազմակերպությունը չէ, որը երկրները միավորում է, առաջին հերթին, նավթի ու գազի շուրջ, Հայաստանը հնարավորություն ունի ոչ միայն սպառող լինել և հույսը դնել նրա վրա, թե ինչ կառաջարկեն դաշնակիցներ, այլ լիարժեք գործընկեր դառնալ:
Մի երկիր, որն ի վիճակի է արդյունավետ օգտագործել էներգակիրների մշակման իր արտադրական հզորությունները՝ վերածելով դրանք էլեկտրաէներգիայի և վաճառել այն ինչպես գործընկերներին, այնպես էլ հեռավոր արտերկիր:
Այժմ Հայաստանն օգտագործում է այդ հնարավորությունը՝ աշխատելով Իրանի և Վրաստանի հետ, և սա է այն ապացույցը, որ Հայաստանը կարող է հավասարազոր և լիիրավ գործընկեր լինել ԵԱՏՄ-ի շրջանակներում: Այդ է վկայում նաև հայկական ատոմակայանի առկայությունը, որը ոչ միայն ապահովում է երկրի էներգետիկ ինքնուրույնությունն ու անկախությունը, այլ նաև հնարավորություն է տալիս ազատ զգալ միջազգային ասպարեզում` ելնելով նրանից, թե ինչ հնարավորություններ է երկրին տալիս սեփական միջուկային էներգետիկայի առկայությունը:
Թվային տնտեսություն` կարևոր ոլորտ բոլոր տեխնոլոգիաների համար, և Հայաստանը բավականին հաջողակ է այդ ոլորտում
Եվ, որ ամենակարևորն է՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում է եղել թվային էներգետիկային ցուցաբերած հատուկ վերաբերմունքը և այդ համատեքստում ամբողջ տնտեսությանը:
Այդ մասին խոսել է ինչպես ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, այնպես էլ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Եվ եթե Ռուսաստանի Դաշնության վարչապետը մի քանի անգամ հատուկ նշեց, որ «չի կարելի իջեցնել նշաձողը» և որ նավթի ու գազի առկայությունը չի նշանակում, որ ԵԱՏՄ անդամ–երկրները կարող են իրենց թույլ տալ ժամանակավորապես մոռանալ էներգիայի նոր աղբյուրների մասին, ապա Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ավելի կոնկրետ էր խոսում:
Նա խոսեց թվային տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտության մասին և բազմիցս հիշատակեց «էլեկտրոնային պետական ծառայություններ» հասկացությունը:
Իրականում, Հայաստանն այդ ոլորտում բոլոր շանսերն ունի առաջատար «խաղացողը» լինելու համար, քանի որ ՏՏ ոլորտը երկրում բավական ինտենսիվ է զարգանում։
Խոսել այն մասին, որ Հայաստանը, որն ընդհանուր սահմաններ չունի ԵՏՀ այլ անդամ–երկրների հետ, պարզապես ստիպված կլինի զարգացնել, օրինակ, թվային տեխնոլոգիաների զարգացման միջոցով իր գործընկերների հետ մաքսային հարաբերությունները, ըստ էության, իմաստ չունի:
Թեև այստեղ պետք է նշել, որ թվային տնտեսության տեխնոլոգիաներն անհրաժեշտ են Եվրասիական կազմակերպության բոլոր անդամներին, և Հայաստանը միանգամայն կարող էր այդ ոլորտում իր ծառայություններն առաջարկել: