ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Ոչ միայն ֆրանսիացիները, այլև մարսելաբակ հայերը հայկական ու լիբանանյան խոհանոցի համը զգացել են Սիլվա Կարագուլյանի շնորհիվ, որի համար քյուֆթան ու տոլման ոչ թե հայտնի ուտեստների անվանումներ են, այլ կյանքի իմաստ։ Ֆրանսիական laprovence.com կայքը հոդված է գրել այս հայուհու մասին։
«Մարսել Պրուստն իր «մադլեններն» ուներ, իսկ Մարսելի հայերը` տոլմա, քյուֆթա ու շատ ուրիշ բաներ։ Սրանք այն ուտեստներն են, որոնց մասին անգամ մարսելաբնակ հայերից շատերն իմացել են «տատիկի մոտ» այցելելուց հետո։ Դրանք այդպես էլ մանկական հիշողություններ կմնային, եթե չլինեին Սիլվա Կարագուլյանի կախարդական ձեռքերը»,- գրում է պարբերականը։
Սիլվայի ձեռքերը նախատեսված չէին կարելու համար, ինչով նա զբաղվում էր այնքան ժամանակ, քանի դեռ 1981 թվականին չէր տեղափոխվել Լիբանանից։
«Կարել երբեք չեմ սիրել, խենթանում էի միայն խոհանոցում, այդ պատճառով էլ ցանկացած առիթ օգտագործում էի ինչ-որ բան պատրաստելու համար»,- ժպտում է Սիլվան` արևելյան թեթև շեշտադրմամբ ներկայացնելով իր պատմությունը։
Այդպես շարունակվել է մինչև 2000 թվականը, մինչև դատարկ տարածք է գտել Լիբեղասիոն բուլվարում և որոշել է անցնել Ռուբիկոնը` սիրած գործով վերջապես զբաղվելու համար։
Այսօր Սիլվայի ռեստորանի այցելուներն անգամ շատ հեռվից են գալիս։ Ոմանք գալիս են համեղ խորտիկների նոր համեր բացահայտելու, մյուսներն էլ` մանկության հուշերի մեջ ընկղմվելու համար։ Հանգստյան օրերին Սիլվայի ռեստորանում հայտնվելու համար պետք է նախապես սեղան ամրագրել, քանի որ 64 սեղանը քիչ է բոլոր այցելուներին հյուրընկալելու համար։
Սիլվա Կարագուլյանին օգնում են քույրն ու հարսը։ Նրանց աշխատանքային օր սկսում է առավոտյան ութին և ավարտվում գիշերվա երկուսին, սակայն այդ հանգամանքը չի նվազեցնում խոհանոցում մնալու ցանկությունն ու մարդկանց հանդեպ սերը։
«Ես անսահման հաճույք եմ ստանում, երբ իմ պատրաստած ուտեստներն ուրախություն են բերում մարդկանց»,- խոստովանում է Սիլվան, որի համար լավագույն գովասանքը հաճախորդի այս խոսքերն են` ասես, տատիկիս պատրաստածը լիներ։
Ֆրանսերենում «Պրուստի մադլենները» արտահայտությունը թևավոր խոսք է դարձել և նշանակում է «մանկության համը»։