ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 22-ին, ժամը 22:19-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Ժամը 23:16-ին հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան. դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:48-ին:
Ըստ shamshyan.com-ի` Նորապատ գյուղի նախկին դատարանի շենքում բնակվում էր 14-ից ավելի ընտանիք։
Կրակը տեսանելի է եղել անգամ Արմավիր քաղաքից, ու հրշեջները՝ ոստիկանների, Արմավիրի մարզպետարանի, Արմավիրի քաղաքապետարանի և քաղաքացիների հետ պայքարել են կրակի տարածման դեմ, սակայն, քանի որ շենքը ինչպես բնակիչներն են ասում «բաղդադի» է, վայրկյանների ընթացքում կրակի մասնաբաժին է դարձել:
Երկհարկանի շենքն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Հավաքվածներն ասել են, որ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչից հետո հրդեհ է բռնկել:
Ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան։