ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. «Դիլիջան» ազգային պարկ մեր այցելության պահին գրեթե բոլոր աշխատակիցներն անտառում էին՝ իրավապահներին ուղեկցում էին նրանց ուշադրության կենտրոնում հայտնված տեղամասեր:
Այդուհանդերձ, անտառում շրջելու ու իրավիճակին տեղում ծանոթանալու մեր խնդրանքը ևս չմերժվեց:
« Գոշ» և «Աղավնավանք» տեղամասերի պետերը պատրաստակամություն հայտնեցին, մեզ իրենց պահպանությանը հանձնված տեղամասեր ուղեկցելու: Նշենք, որ ազգային պարկի ղեկավարության հավաստմամբ, այս երկու տեղամասերն առավել պահպանված ու պաշտպանվածն են ծառագողերից:
Տեղամասի պետերը չեն թաքցնում՝ ծառերի գողերի դեմ հեշտ չէ պայքարել, բայց հնարավոր է:
«Անտառի մուտքի մոտ իրար դեմ զենք էլ ենք հանել: Հանցագործի պես մարդիկ են, եկել ասում են՝ մենք պիտի մտնենք, մեզ «դաբրոն» տրված է: Ես էլ ասել եմ՝ այսօր անտառը պահողը ես եմ, թույլ չեմ տալիս»,- ասում է «Աղավնավանք» տեղամասի ղեկավար Գարիկ Մեհրաբյանը:
Ավելին, ծառագողերը հաճախ նաև անտառապահներին են առաջարկում դառնալ իրենց հանցակիցը:
«Ասում եմ` եթե այսօր 100 կտրող եք, միանանք իրար, դառնանք 500 կտրող, անտառը վերացնենք, հետո ի՞նչ ենք անելու, ասում են՝ մի բան կանենք»,- պատմում է անտառի պահապանն ու հավելում. «անտառը միայն այսօրվա համար չէ, հետո էլ դեռ սերունդներ են գալու, ու ամեն սերունդ պարտավորություն պիտի ստանձնի այն հաջորդներին փոխանցելու»:
Ի դեպ, Դիլիջանի տարածաշրջանի գյուղերն առ այսօր բնական գազ չեն ստանում:
«Գազի խողովակները կան, բայց մեջը գազ չկա»,- մեզ հետ զրույցում նշեց Գոշ գյուղի բնակիչներից մեկը՝ խորհուրդ տալով չխաբվել ամեն տեղ երևացող խողովակների առկայությանը:
Թեև Դիլիջանում վերջին տարիներին մեծ թափ ստացած ծառագողության խնդիրը հաճախ մեկնաբանվում է սոցիալական տեսակետից, բայց գյուղացու սոցիալական վիճակը շահարկողներին անտառի պահապանները հակադարձում են՝ ծառ գողացողը գյուղացին չէ: Բեռնատարներով անտառից ապօրինի դուրս բերվող ծառերը ոչ թե վառելափայտ, այլ շինանյութ են դառնում:
Ապօրինի ծառահատումն այս տարածաշրջանում բավական ձեռնտու բիզնես է դարձել։ Անտառապահները վկայում են, որ մեկ բեռնատարի հաշվարկով փայտանյութի արժեքը շուրջ 4 մլն դրամ է կազմում։
Դիլիջանի անտառի «Գոշ» տեղամասի ղեկավար Մհեր Հովսեփյանը նշեց, որ վերջին ծառագողին իր տեղամասում 3 ամիս առաջ է բռնել: Ցույց տվեց նրա հատած ծառն ու ասաց, որ ակտ է կազմել ու հանձնել ազգային պարկի ղեկավարությանը:
Մհեր Հովսեփյանը հարևան Գոշ գյուղի բնակիչ է, անձամբ գիտի բոլոր հարակից գյուղերի բնակիչներին ու վստահ հայտարարում է՝ գյուղացին ծառ չի հատում:
«Բնակչությանն ապահովում ենք քամատապալ, ձնակոտոր փայտով, և դա էլ օգնում է ոչ միայն գյուղացուն, այլև անտառը մաքրելուն, որպեսզի կուտակված փայտը ամռանը հրդեհի սպառնալիք չդառնա։ Փայտ հավաքելը օգուտ է բերում և՛ գյուղացուն, և՛ անտառին, և՛ պետությանը, որովհետև պետական բյուջե գումար է վճարվում»,- ասում է Հովսեփյանը:
Անտառից հավաքված թափուկները մեր այցելության պահին խնամքով կտրտված ու դիզված էին անտառի այս կամ այն հատվածում ու սպասում էին գյուղացուն: Տեղամասի ղեկավարն էլ վստահեցրեց, որ առկա ծավալը որպես վառելանյութ բավարարում է բնակչության պահանջարկը և դեռ որոշ չափով էլ մնում է անտառում, փչանում:
Սահմանված կարգով գյուղացին ազգային պարկից ստանում է իրեն անհրաժեշտ ծավալով փայտանյութի թույլտվությունը, վճարում գումարը, ապա վճարման կտրոնով իրավունք է ստանում մտնել անտառ, տեսուչների հսկողությամբ փայտը բարձել ավտոմեքենան ու տանել:
Անտառից գնված փայտանյութի պետականորեն հաստատված գինը` կախված ծառի տեսակից, տատանվում է 1 խմ դիմաց 4800-5400 դրամի սահմաններում այն դեպքում, երբ դրա շուկայական արժեքը հասնում է 20 000 դրամի:
Հիշեցնենք, ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում օրերս հերթական քրեական գործն է հարուցվել ապօրինի ծառահատումների և պաշտոնատար անձանց թույլ տրված անփութության փաստով:
2017թ. օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի մասնաճյուղերի տարածքում հայտնաբերվել էր ապօրինի հատված 409 տարբեր տեսակի և տրամաչափի թաց, թարմ կտրված ծառ: