ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Solar ֆրանսիական հրատարակչության շնորհիվ լույս է տեսել «Հայաստանի բաղադրատոմսեր» վերնագրով գիրքը: Հեղինակները քույր և եղբայր Ռիշար և Կորին Զարզավաջյաններն են, որոնք հայկական արմատներ ունեն։ Այս մասին հայտնում է RFI-ն:
Կորին Զարզավաջյանը թատրոնի դերասանուհի է, իսկ նրա եղբայր Ռիշարը՝ France 2 հեռուստաընկերության լրագրող: Նրանցից ոչ մեկը նախկինում գիրք գրելու մասին չի էլ մտածել, բայց ամեն ինչ փոխվել է մեկ տարի առաջ, երբ Կորինը գտել է մի հին սնդուկ, որում հայտնաբերել է մոր` խոհարարական բաղադրատոմսերով տետրը:
«Գրքի հեղինակները ոչ միայն «գաղտնազերծել են ընտանեկան գաղտնարանը», այլև հազարամյակների պատմություն ունեցող հայկական խոհանոցը առողջացնելու միջոցներ են գտել», — գրում է հոդվածի հեղինակ Ելենա Գաբրիելյանը:
Առաջին էջում Կորինի մայրը ֆրանսերեն մի քանի աֆորիզմներ է գրել, իսկ ամենակարևոր հատվածն ընդգծել է կարմիրով. «Այն ամենն, ինչ ասված է սեղանի շուրջ, պահպանվում է սփռոցի ծալքերում»:
Ինչպես պատմել է Կորին Զարզավաջյանը, մայրը հենց այնպես չի գրել այդ բաղադրատոմսերը, այլ նպատակ է ունեցել հազարամյա վաղեմություն ունեցող ավանդույթները փոխանցելու ապագա սերունդներին:
«Երբ մենք հայտնաբերեցինք տետրը, մեզ համար անմիջապես ակնհայտ դարձավ, որ պետք է մյուսներին էլ ներկայացնենք այս բաղադրատոմսերը: Չէ՞ որ մյուսներին ներկայացնելը հայկական խոհանոցի հիմքն է, ԴՆԹ-ն: Հայկական ուտեստները նախատեսված չեն միայն ուտելու համար, դրանք պետք է ուտել ինչ-որ մեկի ընկերակցությամբ», — նշել է Կորինն ու ավելացրել, որ սոցիալական բաղադրիչը շատ կարևոր է:
Զարզավաջյանների ծնողները չեն մոռացել իրենց հայկական արմատների մասին: Հայկական խոհանոցը տարբեր սերունդներն իրար կապող յուրահատուկ օղակ է դարձել:
«Հայկական ուտեստները մեզ համար իսկական տոն էին: Այս գրքի շնորհիվ մենք ոչ միայն փորձել ենք լուծել ընտանեկան հարցը (պահպանել ժառանգությունը), այլև ընթերցողին ծանոթացնել այս խոհանոցի հետ», — ասել է Ռիշար Զարզավաջյանը:
Ինչպես նշում է RFI-ն, վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Ֆրանսիայում հայկական խոհանոցի մասին մոտ մեկ տասնյակ գիրք է հրատարակվել: Գրեթե բոլոր հեղինակները սփյուռքահայեր են եղել, որոնք որևէ կապ չեն ունեցել անկախ, առավել ևս խորհրդային Հայաստանի հետ: Իրենց գրքերը նրանք վերնագրել են այսպես` «Հայկական խոհանոց», «Հայկական ուտելիք», «Հայկական բաղադրատոմսեր»: Սակայն Ռիշարի և Կորինի համար կարևոր էր, որ իրենց խոհարարական գրքի վերնագրում լիներ Հայաստան բառը, թեև նրանք ծնվել ու մեծացել են Ֆրանսիայում:
«Դա չի նշանակում, որ խոսքն այդ երկրի խոհանոցի մասին է: Գրքում կարելի է գտնել այնպիսի բաղադրատոմսեր, որոնք ոչ միայն Հայաստանում է ընդունված պատրաստել, այլև Արգենտինայի, ԱՄՆ-ի և այլ հայկական սփյուռքում: Պարզապես Հայաստանը մեր ընդհանուր հայտարարն է», — ընդգծել է Ռիշարը:
Նրանք գիրքը կազմել են մեկ տարում, ամենադժվարը եղել է բաղադրատոմսերի բաղադրիչների ճիշտ չափաբաժինները պարզելը: Երբ Կորինը հարցրել է մորը, թե որքան մթերք է հարկավոր, նա պատասխանել է` այսքան սրանից, այնքան նրանից…
«Մենք ստիպված էինք փորձարկումներ անել, ընկերների համար պատրաստել, որպեսզի մայրիկի «աչքաչափը» թվերի վերածենք», — պատմել է Կորինը:
Նարնջագույն տետրը հենց այնպես չի հայտնվել սնդուկում: Զարզավաջյանների համար ընտանեկան ավանդույթների պահպանումը գոյության պահպանման նշանակություն ունի: Կորինի և Ռիշարի նախնիները փախել են Օսմանյան կայսրությունից և, փրկվելով Ցեղասպանությունից, հաստատվել Ֆրանսիայում: Հայ Փախստականներից շատերի խնդիրը եղել է ինքնության պահպանումը: Կորինին և Ռիշարին, որոնք մարտահրավեր էին նետել ձուլմանը, հաջողվել է այդ անել նաև «նարնջագույն տետրի» շնորհիվ: