ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի «Սառցե պալատ» սրճարանից ոչ հեռու մի խումբ հայերի միջև «տարաձայնությունը պարզելու» ժամանակ կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է kuban.kp.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի երեկոյան։ 42-43 տարեկան 2 տղամարդ անսպասելի կրակ են բացել հրազենից 3 երիտասարդի վրա, ինչի հետևանքով նրանցից երկուսը մահացել են։
Այնուհետև հանցագործները նստել են Hyundai Solaris մակնիշի ավտոմեքենան ու դիմել փախուստի։
Ոչ պաշտոնական վարկածներից մեկի համաձայն՝ կրակողը եղել է տեղի սնանկացած գործարարներից մեկը, որն այդ ձևով է որոշել լուծել իր խնդիրները։
Հետաքննության վարկածով՝ 27-ամյա Միսակը մահացել է գլխին ստացած կրակոցից, 28-ամյա Ռուսլանը մահացել է հիվանդանոցում՝ կրծքավանդակի հետին մասին ստացած վնասվածքից, իսկ 38-ամյա Ռուսլանը վնասվածք է ստացել ծնկի շրջանում։ Նրան վիրահատել են, և այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հետաքննիչների խոսքով՝ երիտասարդների վրա արձակվել է առնվազն 5 փամփուշտ։ Չի բացառվում նաև, որ հանցագործները փախուստի են դիմել ոչ թե Hyundai Solaris, այլ Mercedes-Benz E 200 մակնիշի ավտոմեքենայով։
Հետախուզում է հայտարարվել կասկածյալների նկատմամբ։ Ոստիկանությունը փնտրում է 1975 թ-ին ծնված Սերգեյ Սահակի Եղիազարյանցին և 1974 թ-ին ծնված Գագիկ Հենրիկի Եսայանին։ Ավելի ուշ որոնվողների ցուցակում ավելացել է նաև ոմն Դենիս Շևչենկոյի անունը։
Բաց աղբյուրների փոխանցմամբ՝ Սերգեյ Եղիազարյանցը ղեկավարում է «Ասսեր» ընկերությունը, որը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ, սակայն գտնվել է հարկային դաշտի հսկողության տակ, քանի որ խուսափել է հարկերի վճարումից։