ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 22:45-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 35 FC 165 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Արագածոտնի մարզի բնակիչ՝ 23-ամյա Արգիշտի Սարգսյանը Լենինգրադյան փողոցի 48 շենքի մոտ՝ CPS բենզալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ռազմիկ Աբգարյանին, ով տեղում մահացել է:
Ինչպես նշված է կայքում, վարորդը փախուստի չի դիմել, նրա ինքնազգացողությունը վատացել է և դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի, հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: