ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Գործադիրն այսօր հավանություն տվեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած նախագծին:
Ըստ նախագծային հիմնավորման` պետք է նոր հոդված ավելացնել բուժաշխատողի գործունեությունը խոչընդոտելը քրեականացնելու վերաբերյալ:
«Առաջարկվում է բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար նախատեսել պատիժ տուգանքի ձևով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։ Բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու համար պետք է նախատեսել ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով»,–ասաց Հարությունյանը։
Դավիթ Հարությունյանը կարծում է, որ նախագծի նպատակը ոչ թե պատժիչ համակարգի խստացումն է, այլ բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունների կանխումն ու կանխարգելումը:
Տեղեկացնենք, որ վերջին տարիներին մի շարք դեպքեր են տեղի ունեցել, երբ քաղաքացիները ծեծել են շտապօգնության բժիշկներին` մեղադրելով ուշանալու մեջ։ Այդ դեպքերին վերջերս անդրադարձել էր նաև առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։
«Բոլորը պահանջում են օրենքի գերակայություն, բայց մտածում են՝ իրենց համար օրենքը կարող է շատ բան թույլ տալ, քան մնացածների: Այստեղից էլ սկսվում է անհանդուրժողականությունը»,–ասել է նա։
Ալթունյանի խոսքով` շատ քաղաքացիներ մտածում են, որ կարող են բժշկին պատժել և իրենց արարքի համար չպատժվել օրենքի խստությամբ։