Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան
Եվրասիական տնտեսական միության պես լուրջ տնտեսական կազմակերպությանն ինտեգրվելու գործընթացում հայկական գործոնն արդեն իսկ դրսևորվում է ողջ հզորությամբ, չնայած նրան, որ բոլոր փորձագետներն ու տնտեսական մեկնաբանները միակարծիք են` կազմակերպության լոկոմոտիվն ամեն դեպքում Ռուսաստանի Դաշնությունն է:
Եվ չնայած Հայաստանը չունի էներգակիրներ, իսկ նորմալ արդյունաբերությունն ու տնտեսությունն ընդհանուր առմամբ պետք է վերականգնվի զրոյից, ԵԱՏՄ-ի ինտեգրացիոն գործընթացներում երկրի դերը նույնիսկ մեծ ցանկության դեպքում թերագնահատել չի ստացվի:
Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական բաղադրիչն ավելի կարևոր խաղաթուղթ կլինի, քան նավթի և գազի ցանկացած պաշարները: Եվ Հայաստանը բավականին խելամտորեն է խաղարկում դա` տարածաշրջանային խաղացողներին և համաշխարհային քաղաքական հանրությանը հասկացնելով, որ կազմակերպության անդամ երկրների սահմաններից դուրս ԵԱՏՄ-ի ազդեցության ընդլայնումը հավասարապես կախված է Երևանի դիրքորոշումից: Եվ առանձին դեպքերում` շատ է կախված:
Մերձավորարևելյան ուղղությունը հնարավոր չի լինի առանց Հայաստանի և՛ ինտեգրացիոն գործընթացների, և՛ լոգիստիկայի, և՛ ընդհանրապես ամբողջ տարածաշրջանի ճանապարհային քարտեզի տեսանկյունից: Վերցնենք նույն Իրանը, որը լուրջ մտադրություններ ունի ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու և ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու առումով: Այստեղ Երևանի և Թեհրանի հարաբերությունները կարևոր են ամբողջ կազմակերպության համար:
Վերջերս Սոչիում կայացած գագաթաժողովում Ռուսաստանի նախագահ Պուտինը ԵԱՏՄ մյուս անդամներին կոչ արեց ինտեգրացիոն գործընթացներում ակտիվորեն ներգրավել այլ պետությունների: Սա, ինչպես ասում են, կազմակերպության այսօրվա միտումն է, արտաքին աշխարհի հետ համագործակցելու կարևորագույն շղթաներից մեկը: «Մենք ամեն կերպ կաջակցենք այդ գործընթացին», — ասաց ՌԴ նախագահը:
Իսկ Սոչիում կայացած գագաթնաժողովում այդ մասին արդեն խոսվել է բաց տեքստով: Նշվեց նաև Մոլդովայի և Ուզբեկստանի հետ համագործակցության անհրաժեշտությունը (այս երկրների նախագահները ներկա էին գագաթաժողովին): Ինչպես նաև Իրանի և Չինաստանի հետ ավելի ակտիվորեն աշխատելու անհրաժեշտությունը:
Իրանը հավատարիմ ընկերներ ու դաշնակիցներ է փնտրում ԵԱՏՄ-ի հետ աշխատելու համար
Ընդ որում, Իրանի մասին շատ ակտիվ խոսել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ սա հասկանալի է: Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքի հյուսիսային շրջաններում տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացները չեն կարող չազդել մեր երկրի վրա:
Միայն այն փաստը, որ ԵԱՏՄ անդամ երկրներն արդեն իսկ ցույց են տվել, որ պատրաստ են ինտեգրացիոն գործընթացներում ներգրավել այնպիսի տարածաշրջանային գերտերության, ինչպիսին Իրանն է, ցույց է տալիս, որ ճակատագիրն ինքն է Հայաստանին հնարավորություն տալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում Հյուսիս-Հարավ լոգիստական գործընթացների հետ կապված համագործակցության ամենաակտիվ մասնակիցներից մեկը դառնալու:
Ընդ որում, պաշտոնական Թեհրանն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ` փորձելով կարճ ճանապարհով ԵԱՏՄ-ի հետ կապի դուրս գալ Երևանի միջոցով: ՀՀ վարչապետի` Իրան կատարած վերջին այցը հաստատեց, որ հարավային հարևանը մտադիր է որքան հնարավոր է շուտ ինտեգրվել տարածաշրջանային գործընթացներին, մասնավորապես, Հայաստանի և ընդհանրապես Եվրասիական տնտեսական միության հետ:
Այս առումով հետաքրքիր դիրքորոշում է արտահայտել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է ամեն կերպ նպաստելու Իրան-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը: Նա հաստատել էր, որ ԵԱՏՄ-ի բոլոր անդամներն էլ դրական են տրամադրված Իրանի հետ համագործակցելու հարցում: Բոլորն էլ կողմ են, որ Իրանի հետ համաձայնագիր ստորագրվի մոտ ապագայում:
Ի դեպ, այս հարցին վերջերս անդրադարձել է ՀՀ վարչապետը Իրանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: Թվում է` գործը գլուխ է գալիս, և կողմերը պատրաստ են շարունակել բանակցությունները, որպեսզի մոտ ապագայում դրանք ավարտին հասցնեն:
Չինաստանը հարմար անցում է փնտրում Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի միջոցով դեպի Եվրոպական երկրներ դուրս գալու համար:
Եվ, ըստ երևույթին, այս համատեքստում պետք է նշել նաև Չինաստանը, որը միայն իր ներկայությամբ որոշ չափով խթանեց տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացները:
Նախ, նույն գագաթաժողովի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ԵԱՏՄ-Չինաստան առևտրատնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունների սկզբունքային ավարտի մասին: Ավելին` դա հնարավոր է դարձել նաև Չինաստանի հետ երկրների երկկողմ համագործակցության կուտակած փորձի շնորհիվ: Եվ այս փորձը պետք է կիրառվի և այլ դեպքերում:
Իրականում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները սկսեցին ակտիվորեն զարգանալ այն ժամանակ, երբ արևելյան գերտերությունը (այսինքն `Չինաստանը) հայտարարեց Մետաքսի ճանապարհի վերականգնման մասին, որը, ամենայն հավանականությամբ, անցնելու է հենց Հարավային Կովկասով:
Իհարկե, տարածաշրջանային երկրները կպայքարեն չինական տրանզիտի համար. ներկայիս պայմաններում նման տնտեսական մրցակցությունը նորմալ է: Ավելին` ցանկալի:
Այնուամենայնիվ, Հարավային Կովկասում լոգիստիկան, ամենայն հավանականությամբ, լուրջ թեմա կդառնա ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար, հատկապես այն պատճառով, որ Հարավային Կովկասի լոգիստիկ բաղադրիչը կարևոր գործոններից մեկն է դառնում ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներում բոլոր երկրների մասնակցության համար: