ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը, Ռուսաստանն ու Բելառուսը որոշել են համատեղել ուժերը հանցավորության դեմ պայքարում։ Երեք երկրների քննչական մարմինների ղեկավարներն այսօր Հայաստանում ստորագրել են գործակցության հուշագիր ու քննարկել ժամանակակից մարտահրավերներն ու դրանց դեմ պայքարի միջոցները։
Երեք երկրների ուշադրության կենտրոնում են անդրսահմանային, համացանցային հանցագործությունները։
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ զարգացման պայմաններում հատկապես լուրջ վտանգ է ներկայացնում դեռահասների կյանքին ու առողջությանը սպառնացող տեղեկությունը»,– համատեղ նիստում ասաց ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը` հավելելով, որ քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում են դեռահասներին ինքնասպանության մղող տեղեկությունները։
Այդ հանցատեսակի տարածումը կանխելու նպատակով ՌԴ–ում ընդունվել է սուիցիդի մասին օրենք, որով քրեական հետապնդում է նախատեսվել հանրային վայրերում, մամուլում ու սոցկայքերում սուիցիդի դրդող կոչեր անողների նկատմամբ։
Նույն խնդրի մասին Բելառուսի ՔԿ նախագահ Իվան Նոսկևիչը նշեց, որ նման հանցագործները շատ հաճախ օգտվում են այս կամ օրենսդրության անկատարությունից ու անպատիժ մնում։
«Կիբերտարածքի սրընթաց զարգացումը հանգեցրել է մի իրավիճակի, երբ սոցիալական կայքերում տեղ են գտնում մարդու հոգեբանության վրա բացասաբար ազդող տեղեկություններ։ Դրանց թիրախում անչափահասներն են, որոնք արագ հակվում են դեպի սուիցիդը»,– ասաց Նոսկևիչը։
ՔԿ եռակողմ նիստ Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, բայց համագործակցության շրջանակներում այն արդեն երկրորդն է։ Առաջինն անցկացվել է 2017թ–ի ապրիլին, Սանկտ–Պետերբուրգում։
ՀՀ, ՌԴ և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներն իրավական համագործակցության համաձայնագիր ստորագրել էին 2016թ–ի սեպտեմբերին՝ Մինսկում։