ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում իրավապահ մարմինները օրական միջինը 2 ահազանգ են ստանում ընտանեկան բռնությունների մասին։ Սպանությունների 17 տոկոսն ընտանեկան բռնության հետևանք է, իսկ անչափահասների նկատմամբ բռնությունների 47 տոկոսը տեղի է ունենում ընտանիքում։ Այսօր Ազգային ժողովում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախնական նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ նման վիճակագրություն ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։
Նոր օրենքի անհրաժեշտությունը զեկուցողը հիմնավորեց նաև այն հանգամանքով, որ առաջարկվող կանխարգելիչ միջոցներն այսօր գործող օրենսդրությամբ ո՛չ ընտանեկան, ո՛չ էլ քրեական օրենսգրքերով չեն սահմանվում։
«Այսօր պետական մարմինները ստիպված են լինում դիմել ինչ-ինչ հասարակական կազմակերպությունների, որ նրանք օգնեն բռնությունից տառապող, բռնությունից փրկված անձանց, ասենք մայրը մի քանի երեխաներով կարողանա ապաստան գտնել: Սա չենք կարող նորմալ վիճակ գնահատել, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որ այդ խնդիրը լուծվի», — ասաց Քոչարյանը։
Առաջարկվող օրինագիծը նախատեսում է նաև ապաստարանների առկայություն, որոնց գտնվելու վայրը գաղտնի է պահվելու ընտանիքի պոտենցիալ վտանգավոր անդամից։ Նախագծում ֆիզիկականից բացի, նաև հոգեբանական բռնությումների կանխարգելում է նախատեսվում, որտեղ դիտարկված են բնակության վայրից, սննդից, այլ անհրաժեշտ միջոցներից զրկելը։
Փոխնախարարը վստահեցրեց` օրենքի նպատակն է աջակցել մեր ընտանիքներին։