ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Իրանի նախագահ Հասան Ռոհանին, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթն, ասել է, որ որևէ երկրի ղեկավար չի կարող ինքնուրույն չեղյալ համարել միջազգային կարևորագույն գործարք, որն ունի ՄԱԿ-ի աջակցությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Սա միջազգային բազմակողմ գործարք է, որը վավերացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Արդյո՞ք կարող է մեկ նախագահը միակողմանիորեն վերացնել այս կարևոր միջազգային գործարքը: Ակնհայտ է, որ նա տեղյակ չէ գործերից»,- ասել է Ռոհանին։
Նա նշել է, որ Իրանն իր զենքն ու հրթիռները միայն պաշտպանական նպատակներով է օգտագործում:
Իրանի առաջնորդն ընդգծել է, որ իրենց սպառազինությունը և հրթիռային համակարգը պաշտպանության համար են նախատեսված։