ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Ռեժիսոր Դևիդ Լի Ջոնսի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մերժման ճարտարապետները» (Architects of Denial) վավերագրական ֆիլմն անցել է «Օսկարի» հավակնորդների որակավորման փուլը։ Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) Facebook–յան էջը։
«Ներկայացված 26 000 հայտերից ամերիկյան կինոակադեմիայի ժյուրին 159 ֆիլմ է ընտրել: Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մերժման ճարտարապետները» ներառվել է հավակնորդների ցանկում»,- ասել է ֆիլմի պրոդյուսեր Մոնտել Ուիլյամսը:
Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մերժման ճարտարապետները» նոր վավերագրական ֆիլմը լայն հանրությանն էր ներկայացվել ԱՄՆ-ում, հոկտեմբերի 6-ին:
Ֆիլմի հերոսներն են պատմաբաններ, գիտնականներ, ցեղասպանությունների փորձագետներ, WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Այսքանը, որոնք քննարկում են, թե ինչու են Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան մինչ օրս վիճարկում պատմական փաստերը` հրաժարվելով թուրքերի կատարած կոտորածին տալ Ցեղասպանություն սահմանումը:
Անցյալ շաբաթ ֆիլմի գրախոսությունն է հրապարակել Los Angeles Times հեղինակավոր պարբերականը`անվանելով այն «հզոր ֆիլմ, որը համոզիչ կերպով ապացուցում է, որ Հայոց ցեղասպանության չճանաչման և անպատժելիության քաղաքականությունը պատմության տխուր և սարսափելի կրկնության է հանգեցնում: