ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. «Մերժման ճարտարապետները» (Architects of Denial) հզոր ֆիլմ է, որն ապացուցում է` Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը հագեցնում է պատմության ցավագին կրկնության։ Los Angeles Times-ն այսպես է մեկնաբանում ռեժիսոր Դեյվիդ Լի Ջորջի ֆիլմը, որը պատմում է Օսմանյան կայսրությունում իրականացված ոճրագործության մասին։
««Մերժման ճարտարապետները» ֆիլմի գլխավոր ուղերձն այն է, որ այնպիսի ոճրագործությունների մերժումը, ինչպիսին 1.2 միլիոն հայերի սպանությունն է, պատմության կրկնության է հանգեցնում»,- գրում է թերթը։
Պրոդյուսեր-ռեժիսոր Դեյվիդ Լի Ջորջը համոզիչ ապացույցներ է ներկայացնում` պատմելով ցեղասպանության սարսափների և ժամանակակից Թուրքիայում ու Ադրբեջանում հայերի հետապնդումների մասին։
Հայկական ողբերգության համատեքստում հեղինակը ներկայացնում է նաև վերջին տարիներին Սուդանում, Ռուանդայում, Կամբոջայում և Գվատեմալայում տեղի ունեցած ցեղասպանությունները։ Հենց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության անպատժելիությունն է Ադոլֆ Հիտլերին հանգեցրել այն մտքին, որ աշխարհն անհաղորդ է մնում իր «վերջնական որոշմանը» (մի ամբողջ էթնոսի ոչնչացմանը. խմբ), ընդգծում է հոդվածագիրը։
«Ջորջը հզոր ու միաժամանակ սարսափելի կադրերն ու լուսանկարներն ամբողջացնում է ոճրագործությունից մազապուրծ եղած երկու մարդու հետ հարցազրույցներով` ընդմիջելով Թուրքիայում տեղի ունեցած եղեռնի ու Ադրբեջանում տեղի ունեցած դեպքերի հետևանքով հարազատներին կորցրած բազմաթիվ հայերի մեկնաբանություններով»,- նշված է հոդվածում։
Ֆիլմի հերոսներ են դարձել նաև պատմաբանները, գիտնականները, ցեղասպանագետները, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որոնք խոսում են այն մասին, թե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ինչու են մինչև այսօր քննարկում պատմական փաստերը և հրաժարվում թուրքերի կատարածը Ցեղասպանություն անվանել։
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մերժման ճարտարապետները» ֆիլմը ԱՄՆ-ում ներկայացվել է հոկտեմբերի 6-ին։