ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Այս տարի Հայաստան ներկրված ավտոմեքենաների թիվը կրկնակի ավելացել է։ Եթե 2016թ-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան էր ներկրվել 10 673 ավտոմեքենա, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը հասել է 21266-ի։
Պետեկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներով, ներկրված ավտոմեքենաների ընդհանուր արժեքը կազմում է 45 մլն դրամ։ Իսկ սա, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի մեկնաբանությամբ, նշանակում է, որ Հայաստան են ներկրվում հիմնականում էժան ավտոմեքենաներ։
«21 հազարից մոտ 18 հազարը մինչև 5000 դոլարանոց մեքենաներն են»,- Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց Հարությունյանը։
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով, հին ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացումը Հայաստանում վտանգավոր է թե՛ երթևեկության անվտանգության, թե՛ բնապահպանական տեսակետից։
«Ժողովուրդն աղքատ է, թանկարժեք ավտոմեքենայի գումար չունի, բայց ասել` մի ներկրեք, զրկել ժողովրդին գոնե էժանագին ավտոմեքենա ունենալու իրավունքից հնարավոր չէ»,- ասաց Հովհաննիսյանը։
ՀԿ ներկայացուցչի խոսքով, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կյանքի ռիթմն արագացել է, ավտոմեքենան այսօր ոչ թե ճոխություն է, այլ փոխադրամիջոց, հատկապես հայաստանյան անկանոն ուղևորափոխադրումների պայմաններում։
«Ես երազում եմ, որ մենք նոր արտադրված ավտոմեքենա գնելու, 2-3 տարի վարելու, հետո հանձնելու, նորը վերցնելու հնարավորություն ունենանք, ինչպես Ռուսաստանում է արվում։ Բայց մեր ժողովուրդն այն վիճակում է, որ շատ հեռու է այս մոդելից»,- ասաց Հովհաննիսյանը։
Ամեն տարի Հայաստան ներկրվող ավտոմեքենաների 90 տոկոսը Տիգրան Հովհաննիսյանի հաշվարկով մնում է Երևանում` էլ ավելի բարդացնելով երևանյան` խցանումներով հարուստ երթևեկությունը։
Իսկ մի քանի տարի շահագործվելուց ու գործածությունից դուրս գալուց հետո այդ ավտոմեքենաները համալրում են Հայաստանի տարբեր տարածքներում օրեցօր ավելացող ավտոմեքենաների գերեզմանոցները։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով, Հայաստան ամենաշատ ավտոմեքենաներ ներկրվում են Վրաստանից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից։ Չորրորդ տեղում ԱՄԷ-ն է, հինգերորդը` Գերմանիան։