ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Երևանում մեկնարկող Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացմանը ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը հայ հանդիսատեսին անակնկալ կմատուցի։ Նա հատվածներ կընթերցի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից։ Այս մասին հայտնում է Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
«Խոստացված անակնկալը Ջոն Մալկովիչի կողմից. բացման հանդիսավոր արարողությանը Ջոն Մալկովիչը հատվածներ կկարդա Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից` Ի խորոց սրտից խոսք ընդ Աստուծոյ»,- նշում են կազմակերպիչները։
Մինչ այդ արդեն հայտարարվել էր, որ փառատոնի բացմանը Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկող Մալկովիչը հատված կընթերցի նաև Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։