ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանի անկախության օրը (սեպտեմբերի 21) այս տարի փոքրիկ հայ լեռնագնացների համար առանձնահատուկ էր: Նրանք բարձրացան Արագածի հարավային գագաթը:
Ալպինիզմի ֆեդերացիան կես տարվա ընթացքում լեռնագնացության էր նախապատրաստել 50 երեխայի: Ուսումնառությունն ավարտված է, սակայն լեռների փոքրիկ սիրահարները շարունակում են արշավների մասնակցել:
8-ամյա Անի Գրիգորյանը սեպտեմբերի 21-ին Արագած բարձրացավ մոր և եղբոր հետ:
«Ինձ շատ դուր եկավ, թեև դա փոքր գագաթն էր: Եվ՛ դժվար էր, և՛ ոչ. սկզբում ձյուն էր գալիս, հետո դադարեց: Ես պատմեցի համադասարանցիներիս, որ Արագած եմ բարձրացել Անկախության օրը, սակայն նրանց դա չտպավորեց, քանի որ նրանք չեն հասկանում, թե ինչ է նշանակում սար բարձրանալ», — նշեց Անին:
Փոքրիկ լեռնագնացը խոստովանեց, որ այդ օրը նա վատառողջ էր, սակայն թաքցրել էր այդ փաստը մայրիկից:
«Արագածի գագաթը հասնելու ճանապարհին ես լաց եղա, քանի որ հիվանդ էի: Առավոտ մայրիկին չէի ասել, որ ջերմություն ունեմ, այլապես նա թույլ չէր տա Արագած բարձրանամ: Մայրիկին ես հենց այդպես էլ ասացի՝ ճիշտ եմ արել, որ թաքցրել եմ. ավելի լավ է հիվանդ լինեմ, քան խմբիս հետ Արագած չբարձրանամ: Մենք լուսանկարվում էինք, շատ լավ էր», — ասաց նա Sputnik Արմենիային տված հարցազրույցի ժամանակ:
Այն հարցին, թե ապագայում ինչ մասնագետ կցանկանար դառնալ, 8-ամյա լեռնագնացը համարձակորեն պատասխանեց` ծրագրավորող:
Ակցիան կազմակերպել էին այն մարդիկ, ովքեր որոշել էին, որ հենց այսպես անկախ Հայաստանում ծնված սերունդները պետք է տոնեն իրենց ազգային տոնը (Անկախության օրը):
10-ամյա Արեն Սողոմոնյանը նույնպես նրանց շարքերում էր: Պատանի լեռնագնացն ամեն օր գալիս է Արարատ քաղաքից՝ Ալպինիզմի ֆեդերացիայի կազմակերպած դասընթացներին մասնակցելու համար: Ինչպես ասում են դասախոները` նույնիսկ չի ուշանում:
«Ճանապարհին չեմ հոգնել, և երբ հաղթահարեցի ամենաբարձր կետը, պարզապես ցնցված էի գեղեցիկ տեսարանով, մենք տեսանք Արագածի մյուս երեք գագաթները… Ճանապարհին ձնախառն անձրև սկսվեց, իսկ ես երազում էի այդ մասին», — ասաց Արենը:
Նրա խոսքով` արդեն հասցրել է նվաճել Արմաղան լեռը, Վայոց սարն ու այլ բարձունքներ:
«Ես նաև սիրում և ուսումնասիրում եմ քարերը, ամեն անգամ սարեր բարձրանալիս, ինձ հետ մի քար եմ բերում: Տատիկիս սեփական տան բակում զիփլայն եմ կառուցել: Բարձրությունը վեցը մետր է: Ծնողներս դեմ չեն, շուտով միասին ավարտին կհասցնենք աշխատանքները, որպեսզի կարողանան օգտվել զիփլայնից», — նշեց Արենը:
Հոկտեմբերի 9-ին նշվում է Հայաստանի լեռների և լեռնագնացների օրը: 1829 թվականին հենց այս օրը (հին տոմարով սեպտեմբերի 27-ին) հայ գրող Խաչատուր Աբովյանը Դորպատի (Տարտուի) համալսարանի պրոֆեսորներ Ֆ. Պարոտտի հետ առաջին անգամ բարձրացավ Արարատ լեռան վրա: