ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. 2019 թվական Եվրոպայի առաջնության ընտրական պայքարն արդեն լրիվ հունի մեջ է մտել: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականն այսօր սեփական հարկի տակ 0:5 հաշվով պարտվեց Ավստրիայի իր հասակակիցներին` ևս մեկ անգամ բացահայտելով մեր ֆուտբոլում գոյացած խնդիրները:
Առաջին խաղակեսում մեր երիտասարդական հավաքականը բավականին լավ հանդիպում անցկացրեց ու չէր զիջում մրցակցին: Ճիշտ է` վտանգավոր պահերը մեր դարպասի մոտ ավելի հաճախ էին առաջանում, բայց մինչև ընդմիջում հաշիվը այդպես էլ չբացվեց:
Երկրորդ կեսում հյուրերն արդեն բացահայտ առավելություն ունեին ու անհամեմատ ավելի թարմ տեսք: Այս ամենի պատճառով էլ Հայաստանի հավաքականն ի վերջո խաղադաշտը թողեց գլխիկոր` հինգ անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը:
Ընտրական խմբում մեր թիմն անցկացրել է արդեն հինգ հանդիպում ու, հաղթելով երկու խաղերում, պարտվել է նույնքան, մեկ խաղ էլ ավարտել ոչ-ոքի արդյունքով: Սակայն տեղին է նշել, որ մեր երիտասարդականը երկու անգամ հաղթել է Ջիբրալթարի թիմին: Չնայած այսօր Ջիբրալթարի հավաքականն անակնկալ մատուցեց` հաղթանակի հասնելով Մակեդոնիայի թիմի նկատմամբ:
Ակնհայտ է, որ մեր ֆուտբոլը ռեսթարթի կարիք ունի: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մոտակա ռեզերվը ոչ մի կերպ չի հուսադրում իր խաղով: Ու թե ով կհամալրի մեր ազգայինն այս հավաքականից, շատ դժվար է ասել: Նոյեմբերին ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ընտրական ևս երկու հանդիպում է անցկացնելու` հյուրընկալելով նախ Ռուսաստանի, ապա Սերբիայի իր հասակակիցներին: Գուցե այդ խաղերից հետո որևէ դրական հետևություններ անե՞նք:
Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2018թ-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի տնային վերջին խաղում 1:6 խոշոր հաշվով պարտվեց Լեհաստանի ազգային թիմին: