ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Միայն ԵԽԽՎ նախագահի պաշտոնից Պեդրո Ագրամունտի հրաժարականով կրքերը չեն հանդարտվի։ «Այս խմորը շատ ջուր է տանելու»,- համոզված է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Պատահական չէ, որ տարբեր եվրոպական երկրներում արդեն խոսում են Ագրամունտի կապերի և կոռուպցիոն երևույթների մասին։ Եվ ինձ թվում է` սրա արձագանքները մենք դեռ կլսենք»,- կարծում է Բաղդասարյանը։
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ այդ հարցում ընդգծում է հատկապես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության աշխատանքը` հավելելով, որ եթե 3-4 տարի առաջ ԵԽԽՎ նախագահի կոռումպացվածության մասին միայն ցածրաձայն էին խոսում, ապա այսօր արդեն ոչ միայն մամուլն է արձագանքում տեղի ունեցող երևույթներին, այլև եվրոպացի այլ պաշտոնյաներ ևս հայտնվել են քննադատությունների թիրախում։
«Ես ուրախ եմ, որ ի վերջո չդիմացավ ճնշումներին և ինքնակամ հրաժարական տվեց։ Ով էլ լինի հաջորդ նախագահը, բնականաբար հետևություններ կանի։ Հետևություններ կանեն նաև օրենսդիրները»,- ասաց Վարդանյանը։
Ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ կարծում է, որ Ագրամունտի հրաժարականից հետո ԵԽԽՎ-ն պետք է հետաքննություն սկսի, թե ինչ ծագումնաբանություն ունեն նախկինում կայացած մի շարք որոշումներ, որոնք իր բնորոշմամբ, «խթան դարձան ապրիլյան քառօրյա պատերազմի համար»։
Երբ Սարսանգի ջրամբարի հետ կապված որոշումն էր ընդունվում, և դրան զուգահեռ մեկ այլ նախագիծ, որը բնականաբար, չընդունվեց, մեր հիմնական մտավախությունն ու ասելիքն այն էր, որ այսպիսի որոշումներով Ադրբեջանը փորձում է ֆոն ստեղծել մարտական գործողությունները վերսկսելու համար»,- հիշեցրեց Փաշինյանը` կոչ անելով ԵԽԽՎ-ին այսուհետև նման հարցերում ավելի զգույշ լինել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 6-ին Պեդրո Ագրամունտն իր թվիթերյան էջում հայտնել էր, որ «անձնական պատճառներով» որոշել է հրաժարվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից։
Մինչ այդ, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Վեհաժողովի բյուրոն անվստահություն էր հայտնել Ագրամունտին՝ նրան զրկելով Վեհաժողովի անունից բանակցություններ վարելու, պաշտոնական այցելություններ կատարելու կամ հայտարարություններով հանդես գալու իրավունքից։