Զենքի խանութն իր հրաձգարանով, ուր անցած սեպտեմբերին ինձ հրավիրել էին կրակելու, գտնվում է Բիրմինհեմի (Միչիգան նահանգ) աշխույժ փողոցներից մեկի վրա։ Այս խանութը զարմացնում է զենքի բազմազանությամբ` փոքր ատրճանակներից մինչև խոշոր տրամաչափի գնդացիրներ, որոնք նախատեսված են սպանության համար: Գնի՛ր ըստ ճաշակի, լիցքավորի՛ր ըստ ցուցումների և կրակի՛ր:
Երբ հայտնվում ես այդ ընդարձակ տարածքում, որն ավելի շատ զինանոց է հիշեցնում, անխուսափելիորեն մի միտք է ծնվում գլխումդ: Առաջին և գլխավոր դիտարկում. երբ դու զենք ունես, ապա աշխարհին այլ աչքերով ես նայում: Խանութում շատ զենք կա, անչափ շատ (այսօր ամերիկացիների մոտ մի քանի հարյուր միլիոն զենք կա), և դու հանկարծ հասկանում ես, որ ամեն ինչ քո շուրջ երևում է զենքի նշանառության կտրվածքի միջով:
Խանութում մարդիկ դեռ շատ չեն, բայց այնքան էլ չեն, որ անմիջապես վերցնես հրացանն ու գնաս կրակելու: Սպասելով մեր հերթին` ստիպված ենք տասը-տասներկու րոպե կանգնել, մինչև երկու տարեցներ (ամենայն հավանականությամբ` ամուսիններ) վաճառողի մոտ կձևակերպեն կրակելու համար տրվող թուղթը: Շուրջը նայելու ժամանակ կա, կարելի է փորձել հասկանալ` ինչն ինչոց է:
Նայելով շուրջը և գնահատելով իրավիճակը` դժվար չէ հասկանալ, որ քիչ թե շատ մատչելի գնով հնարավոր է շատ հեշտ ու հանգիստ «մինչև ատամները» զինվել, բայց թե հետո ի՞նչ կանես, դա արդեն զենքով մարդու` կյանքի նկատմամբ (հիմնականում` ուրիշի) ունեցած վերաբերմունքի, բնավորության և հոգեկան վիճակի հարց է:
Կարելի է, օրինակ, Լաս Վեգասի Սթիվեն Փեդդոքի պես քսաներեք միավոր զենք գնել (միանգամից կամ հերթով), այդ թվում `M249 SAW բանակային գնդացիր, Colt AR-15 ինքնալից հրացան, ինչպես նաև խորհրդային AK47 ինքնաձիգի հիման վրա պատրաստված հրացաններ:
Կարող եք տարբեր տրամաչափի հազար փամփուշտ վերցնել կամ էլ այնպիսի մի սարք, որը կրակահերթ է արձակում ինքնալից հրացաններից:
Ամեն ինչ կարելի է: Բայց գլխավոր հարցն այն է, թե ում ձեռքում է հայտնվելու այդքան զենքը, և ինչ գլուխ է ղեկավարելու այդ ձեռքերը: Բայց խանութում նման հարցեր չեն տալիս:
— Ի՞նչ եք կամենում, — հարցնում է վաճառողը, որի գոտուց կախված է «Քոլտ» քառասունհինգ տրամաչափի ատրճանակը:
— Այ սրանք, — ցույց եմ տալիս ապակու տակ դրված ատրճանակները, — մեկ էլ դրանց համար հիսուն փամփուշտ տվեք:
— Խնդրում եմ` Ձեր անձնագիրը ցույց տաք,- ասում է «Քոլտով» վաճառողը և մեկնում մի թուղթ, որի վրա պետք է հաճախորդը որոշ կետեր լրացնի:
Պարզվում է, որ անձնագիրս չեմ վերցրել, եթե անգամ վերցրած լինի, միևնույնն է` այն ամերիկյան չէ, այլ հակառակը` այնտեղ նշված է մի երկիր, որի հետ այսօր Ամերիկան բարեկամություն չի անում:
— Այդ դեպքում,- վաճառողն արագ կողմնորոշվում է և դիմում իմ ամերիկացի ընկերներին, — մենք կձևակերպենք ձեր փաստաթղթերով:
Ինձ և իմ երեք ընկերոջ համար երկու ատրճանակ ձեռք բերելու ձևական մասն այսքանով ավարտվում է, և մենք` լավ զինված, բայց դեռ ոչ վտանգավոր, շարժվում ենք դեպի ելք: Մուտքի մոտ կանգնած կինը վերցնում է անցագիրը, իսկ հետո սպորտային հագուստով երիտասարդը տալիս է փամփուշտներն ու հեռանում: Հիմա մենք զինված ենք եւ վտանգավոր:
Հրաձգարանը հսկվում է մի քանի տեսախցիկով, բայց դրանք ընդամենը կարող են նկարահանել հանցագործությունը, ոչ թե կանխել: Կրակի՛ր ում կուզես…
Այժմ հիմնական հարցը: Ո՞ւմ և ինչի՞ համար սպանել: Այս դեպքում ընտրությունը բավականին լայն է: Կարելի է այն երեք ամերիկացուն, որոնք քիչ հեռու զբաղված են թիրախին կրակելով, կարելի է մուտքի դռան մոտ հայտնվող պահակ-կնոջը: Մեկ այլ տարբերակ` փախչել փողոց և սպանել խանութի մուտքի մոտ առաջին հանդիպած մարդկանց: Կարելի է, եթե դու կատարյալ ապուշ ես, թրխկացնել կողքիդ կանգնած ընկերներիդ: Ամեն ինչ կախված է ձեռքին զենք ունեցող մարդու հոգեբանությունից:
… Սթիվեն Փեդդոքը, որը կազմակերպել էր Լաս Վեգասի կոտորածը, տառապում էր հորից ժառանգած հոգեկան հիվանդությամբ, որի մոտ «պսիխոպաթիա» էին ախտորոշել: Միևնույն ժամանակ, FBI- ի աշխատակիցներին դեռ չի հաջողվել հիմնավորել նրա կատարած սպանության մոտիվները:
Ասում են` Փեդդոք կրտսերը կարողանում էր շատ լավ վերահսկել ինքն իրեն, բայց հոգեկան հիվանդության ախտանիշները սկսել էին տարիքի հետ ավելի հստակ դրսևորվել, և, ի վերջո, կարող էին հանգեցնել ողբերգական հետևանքների: Բայց զենք վաճառողներն այդ մասին իմանալ չէին կարող, և նման մանրամասները նրանց առանձնապես չեն էլ հետաքրքրում: Գլխավորը հասույթն է, և նրանց բացարձակապես չի հուզում այն ամենը, ինչը կարող է նվազեցնել շահույթի աճը:
Լաս Վեգասում տեղ ունեցածն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենազանգվածային կոտորածն է համարվել: Ավելի քան մեկուկես տարի առաջ «Օռլանդո» գիշերային ակումբում նույնպիսի վիժվածք-մարդասպանը գնդակահարել էր քառասունինը մարդու, վիրավորել ևս հիսունի:
Լաս Վեգասից հետո նախագահ Թրամփին հարցրին` պատրաստվո՞ւմ եք վերանայել զենքի ազատ կրման մասին դաշնային օրենքները: (Հայտնի է, որ ընտրություններին Թրամփը խոստացել էր պաշտպանել զենքի լոբբիի շահերը): Նախագահի խոսնակը հասկացրեց, որ այդ հարցը քննարկելու ժամանակը դեռ չի եկել: Տարօրինակ է…
Միևնույն ժամանակ, թղթային թիրախներով թրխկացնելու մեր ժամանակն էլ արդեն սպառվեց, և, հերթական անգամ չդիպչելով «խնձորակին», ես ավլեցի հատակին թափված փամփուշտները, նետեցի աղբամանի մեջ և պարտականությունը վատ կատարելու զգացումով շարժվեցի դռան կողմ:
Մարդկանց ծավալը խանութում զգալիորեն ավելացել էր. մարդիկ զենք էին գնում…