ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Նպաստների մասին օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` այն ընտանիքները, որոնց անդամները (հիմնականում` ընտանիքի հայրը) մեկնում են արտագնա աշխատանքի և գումարային փոխանցումներ են կատարում ընտանիքի կարիքները հոգալու համար, պարտավոր են հայտարարագրել իրենց եկամուտները։
«Սա արվում է սոցիալական հավասարությունը պահպանելու նպատակով։ Համաձայնեք` ազնիվ չէ, երբ նպաստառու մի քաղաքացի աշխատում է Հայաստանում և հարկ վճարում, իսկ մեկ ուրիշը մեկնելով արտագնա աշխատանքի ընտանիքին փոխանցումներ է անում, միաժամանակ ստանում նաև անապահովության նպաստ և հարկեր չի վճարում ։ Սա ազնիվ չէ ո՛չ անապահով մյուս ընտանիքների հանդեպ, ո՛չ էլ պետության»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, սոցիալական աջակցման վարչության գլխավոր մասնագետ Աստղիկ Ավագյանը։
Փոխանցումների հայտարարագրումը կօգնի ապահովել նպաստի հասցեականությունը։ Ներկայացված եկամտի համաձայն կվերանայվի նպաստառու ընտանիքի նպաստ ստանալու դրամային չափը, ու եթե գումարը խոշոր է և կայուն, ապա կվերանայվի նաև տվյալ ընտանիքի կարիքավոր համարվելու հարցը։
Սակայն օրենքի փոփոխությունը ամենևին էլ չի ենթադրում, որ նպաստառու ընտանիքներն ընդմիշտ և ամբողջությամբ զրկվելու են նպաստ ստանալու իրավունքից ։ Նոր ընդունված կարգի համաձայն` հաշվի կառնվի փոխանցումների պարբերականությունը։ Օրինակ` ՀՀ քաղաքացիների արտագնա աշխատանքները շատ հաճախ կրում են սեզոնային բնույթ և եկամուտ չեն ապահովում ամբողջ տարվա ընթացքում։ Նման դեպքերում հաշվարկվում է միջին եկամուտը, և ըստ այդմ է միայն նվազեցվում նպաստի չափը։ Եթե ընտանիքի` արտագնա աշխատանքի մեկնած անդամը վերադառնում է, և փոխանցում այլևս չի կատարվում, ապա տվյալ դեպքում վերականգնվում է նպաստի նախկին չափը։ Եթե զրկվել է նպաստից, կրկին ներառվում է նպաստառու ընտանիքների ցուցակում։
Արտագնա աշխատանքների մեկնած քաղաքացիների փոխանցումների չափն առայժմ անվերահսկելի է, և այս հարցում նախարարությունը հիմնվում է քաղաքացու ազնվության վրա։ Հետագայում կմշակվի գումարային փոխանցումների վերահսկման մեխանիզմ, սակայն այսօր նման լծակ չկա։ Ինչպիսին կլինի վերահսկման կարգը հետագայում, հայտնի չէ: Սակայն հաշվի առնելով բանկային համակարգի գաղտնիությունը ապահովելու պարտավորվածությունը` դժվար է պատկերացնել վերահսկման նման մեխանիզմը։
Նպաստառու ընտանիքների մասին օրենքի փոփոխությունը ներառում է նաև այլ շտկումներ՝ երեխաների աղքատության բարձր ցուցիչով պայմանավորված։ Օրինակ` այսուհետև բազմանդամ ընտանիքներին կավելանան միավորներ, ինչն իր հերթին կազդի նպաստ ստանալու չափի վրա։ Եթե նախկինում նպաստառու ընտանիքի անդամների աշխատանքի անցնելու դեպքում ընտանիքը զրկվում էր նպաստից, ապա այժմ հաշվի է առնվելու աշխատավարձի չափը, և հնարավոր է, որ ընտանիքը շարունակի նպաստ ստանալ, իհարկե, վերահաշվարկից հետո։
Բոլոր այն քաղաքացիները, որոնք կթաքցնեն իրենց եկամուտները, այդ թվում նաև արտագնա աշխատանքի մեկնած ընտանիքի անդամների փոխանցումները, կենթարկվեն պատասխանատվության։ Նախ` ընտանիքը կզրկվի նպաստ ստանալու իրավունքից, ապա կկատարվի ուսումնասիրություն, թե որքան ժամանակ է ընտանիքն ունեցել եկամուտ և ստիպված կլինի պետությանը վերադարձնել տվյալ ժամանակահատվածում ստացված նպաստի գումարը կամովի կամ դատական կարգով։ Եթե քաղաքացին ի վիճակի չի լինի գումարը վերադարձնել միանվագ, ապա պետությանը հասցրած վնասը փոխհատուցելու ժամանակացույց կկազմվի, և այն կօգտագործվի առավել թիրախավորված։