ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Դիլիջանի հյուրանոցներից մեկն այցելուներին դելֆինների հետ լողալու ծառայություն է խոստանում։ Բնապահպաններն անհանգստացած են ու հիշում են երևանյան դելֆինարիումի ցավալի փորձը։ Բնապահպանության նախարարությունից, սակայն, Sputnik Արմենիային հայտնեցին, որ տեղյակ են դելֆինների ներմուծման մասին և վստահեցրին, որ այդ գործարքի իրավական բոլոր հիմքերը պահպանվել են։
«Եթե դելֆինը բերվեր օվկիանոսից կամ ծովից, այլ կերպ էր կարգավորվելու հարցը, իսկ եթե արհեստական պայմաններում են բուծված, ապա դա արդեն այլ կարգավորումներով է արվում։ Կոնկրետ դեպքում սրանք բուծված դելֆիններ են, արտահանող երկիրը տալիս է CITES թույլտվություն։ Տվյալ դեպքում ՌԴ–ի CITES թույլտվությամբ կենդանիներն արտահանվել են և ներկրվել Հայաստան»,– մեկնաբանելով դելֆինների ներկրման կարգը՝ ասում է բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը։
Բնապահպանության նախարարության վերահսկողությունը, տվյալ դեպքում, նրա խոսքով, սահմանափակվում է մասնավոր ընկերության և ներկրող կողմի միջև CITES պայմանագրի առկայության ստուգմամբ։
«Մենք միայն նայում ենք, եթե նրա CITES-ն առկա է, մենք անելիք չունենք իրավական մասով, եթե նորմալ է, թույլատրվում է մուտքը ՀՀ։ Տվյալ կենդանիները նաև պետք է չիպավորված լինեն, ինչը ևս առկա է»,– ասում է Հովհաննիսյանը։
Դելֆինների պահման պայմանների ու վիճակի համար ևս, նախարարության մեկնաբանությամբ, պատասխանատվությունը կրելու է միայն մասնավոր ընկերությունը։
Նշենք, որ նախարարության հրապարակած CITES թույլտվության համաձայն, Հայաստան է ներկրվել 2 դելֆին։ Թույլտվության ժամկետն ավարտվում է 2018թ–ի մարտի 7–ին։
Այդ հավաստիացումը, սակայն, հայաստանցի բնապահպաններին չի բավարարում։
Բնապահպան Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց երևանյան դելֆինարիումի ցավալի փորձը, երբ բնապահպանների ջանքերով բացահայտվել էր, որ դելֆինները Հայաստան էին ներմուծվել կեղծած CITES թույլտվության հիման վրա։
«Մենք չգիտենք, թե ինչ է արել հայկական կողմն այս առումով, մեր ձեռքի տակ ոչ մի փաստաթուղթ չունենք։ Մենք ունենք միայն տեղեկատվություն ֆեյսբուքյան էջերից, որ այդ կազմակերպությունը Հայաստանում նման ծառայություն է մատուցում»,– ասում է Ադամյանը`հավելելով, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի անդամ լինելով, ինքն այդ մասին կարդացել է դիլիջանյան հյուրանոցի ֆեյսբուքում տեղադրված հայտարարությունից։
Անդրադառնալով խնդրի բնապահպանական կողմին` Սիլվա Ադամյանը նշում է, որ ներմուծվող կենդանիների համար Հայաստանի բնակլիմայական պայմաններն այն չեն։ Հայաստանը չունի ծով, դելֆինները պահվելու են քլորացված ջրում, ինչը կարող է լուրջ առողջական խնդիրներ պատճառ դառնալ կենդանիների համար։
«Բացի այդ, այն լողավազանի չափերը, որտեղ պահվելու են կենդանիները, ընդհանրապես չեն համապատասխանում աշխարհում ընդունված դելֆինարիումների չափանիշներին։ Այսինքն` ինքն այդ կենդանիներին բերել է զուտ փող աշխատելու համար»,– ասում է բնապահպանը` նման պայմաններում դելֆիններին պահելը «հանցագործություն» կոչելով։
Սիլվա Ադամյանը վկայակոչում է զարգացած երկրների իշխանությունների որոշումը դելֆինների շահագործումն արգելելու և դելֆինարիումները փակելու մասին և խոստանում` բնապահպանները Հայաստանում ևս թույլ չեն տալու նման հաստատությունների գոյությունը և գնալու են մինչև վերջ։
Հիշեցնենք, 2010թ–ի դեկտեմբերին Երևանում բացված «Նեմո» դելֆինարիումը գործեց մինչև 2012թ–ի ապրիլ։ Պաշտոնապես հայտարարվեց, որ փակման պատճառը կենդանիների` հյուրախաղերի մեկնելն է։ Բնապահպանները, սակայն, ահազանգում էին լողավազանում կենդանիների սատկելու մասին։