ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է` Լաս Վեգասում տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժածների ու մահացածների շարքում հայեր կան, թե ոչ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Դեռ տվյալներ չկան, մենք ճշտում ենք` արդյոք Լաս Վեգասում տուժածների շարքում մեր հայրենակիցները կան», — ասաց Բալայանը։
Հիշեցնենք, որ Լաս Վեգասում երաժշտական փառատոնի ժամանակ քաղաքի բնակիչներից մեկը կրակահերթ է արձակել մարդկանց ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով ավելի քան 50 մարդ է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ երաժիշտները ելույթ են ունեցել Mandalay Bay հյուրանոցի և խաղատան մոտ գտնվող բաց հարթակում։ Կրակահերթը հնչել է Ջեյսոն Էդլինի ելույթի ժամանակ, որը դադարեցրել է ելույթը և հեռացել բեմից։
Լաս Վեգաս Սթրիփթ քաղաքային ճեմուղու մոտ կրակոցների մասին ահազանգ ստանալուց հետո տասնյակ պարեկային ավտոմեքենաներ են ժամանել։ Ավելի ուշ տեղեկություն է հրապարակվել, որ կասկածյալը սպանվել է, սակայն մանրամասներ չեն հայտնում։