ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լաս Վեգասում տեղի ունեցած բռնության դեպքերի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Խոր ցավով տեղեկացա Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած բռնության այս ահասարսուռ դրսևորման մասին, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ դարձավ»,- նշված է ցավակցական հեռագրում:
Սերժ Սարսգայնը հայտնել է, որ վշտի ու կորստի այս ծանր պահին խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Թրամփին, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
«Մենք աղոթում ենք ԱՄՆ ժողովրդի հետ միասին զոհվածների հոգիների խաղաղության և տուժածների լիարժեք ապաքինման համար»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:
Հիշեցնենք, որ Լաս Վեգասում երաժշտական փառատոնի ժամանակ քաղաքի բնակիչներից մեկը կրակահերթ է արձակել մարդկանց ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով ավելի քան 50 մարդ է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ երաժիշտները ելույթ են ունեցել Mandalay Bay հյուրանոցի և խաղատան մոտ գտնվող բաց հարթակում։ Կրակահերթը հնչել է Ջեյսոն Էդլինի ելույթի ժամանակ, որը դադարեցրել է ելույթը և հեռացել բեմից։
Լաս Վեգաս Սթրիփթ քաղաքային ճեմուղու մոտ կրակոցների մասին ահազանգ ստանալուց հետո տասնյակ պարեկային ավտոմեքենաներ են ժամանել։ Ավելի ուշ տեղեկություն է հրապարակվել, որ կասկածյալը սպանվել է, սակայն մանրամասներ չեն հայտնում։