Գոհար Սարգսյան, Sputnik.
2 կգ համայնքային թափոնով շրջակայքն աղտոտելու համար քաղաքացիները կտուգանվեն 16 հազար դրամով: Բնակելի տնից կամ այլ շենք-շինությունից նույն գործողությունը, կտուգանվի 20 հազար դրամով: Կառավարության մշակած օրենսդրական փոփոխությունը շատերին հույս տվեց, որ շուտով աղբին վերջ կտրվի:
Օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, և մինչ այդ քաղաքացիները «հավեսով» աղբ են նետում այս ու այն կողմ: Ստացվում է, որ մի կողմից օրենքի ուժն է պակասում, մյուս կողմից էլ տան սահմանից դուրս՝ փողոցում աղբ թափելն ավանդույթի է վերածվել:
Այսպես, օրինակ, ավտոբուսով երթևեկում ես, մեկ էլ կողքիդ նստած երիտասարդը բուլկին ուտել-վերջացնելուց հետո պոլիէթիլենային տոպրակը պատուհանից ցած է նետում: Էլ չասենք, թե ինչ անտարբերությամբ են հազարավոր քաղաքացիներ ծխախոտի գլանակը գետնին գցում:
Մի առիթով տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց՝ չեմ հերքում, որ հանրապետության ամբողջ տարածքում աղբամանների քչություն կա, բայց դա չի նշանակում, որ աղբը պետք է անխնա փողոց նետել:
«Եթե աղբաման չկա, ես կարող եմ դատարկ շիշը պահել իմ ձեռքում, հենց աղբաման տեսնեմ, թափեմ»,-ասաց նախարարը:
Իրենք՝ քաղաքացիներն էլ, ոչ միայն բողոքում են աղբամանների քչությունից, այլև «Սանիթեքի» աշխատանքից, այն, որ աղբը ուշ-ուշ են տանում, իսկ իրենք չգիտեն, թե որտեղ նետեն այն:
«Սանիթեք» ընկերությունն այս հարցում ոսկե կանոն ունի՝ ընդունել թերացումներն ու տարին 12 ամիս խոստանալ, որ շտկումներ կմտցնի:
Բայց ընկերությունն էլ բողոքում է քաղաքացիներից: «Սանիթեքը» մարդիկ են և ոչ՝ մեքենաներ. այս կարգախոսով կոչ է անում քաղաքային միջավայրի հանդեպ պատասխանատվության և հոգատարության մշակույթ ձևավորել։ Ընկերությունից դժգոհում են՝ մարդկանց անզգուշության հետևանքով աղբամաններ են այրվում, իրենք զգալի կորուստներ են ունենում, ռեսուրսն է պակասում:
Այսքանից հետո ստացվում է փակ շղթա: Ու կարելի է մի եզրահանգում անել՝ եթե ամեն մեկը ճանաչի ու պատասխանատվությամբ կատարի իր գործը, սիրի երկիրը, Հայաստանն այլ դիմագիծ կունենա:
Այս ընթացքում իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ:
Sputnik Արմենիան միանում է «Մաքուր Հայաստան» ծրագրին: Բոլոր նրանք, ովքեր բախվում են աղբահանության խնդրին, կարող են իրենց բակերում կուտակված աղբի կամ աղբակույտերի լուսանկարները հրապարակել մեր էջում: Մենք նպատակ ունենք մեր ընթերցողների հետ համատեղ աշխատանքի արդյունքում պատկան մարմինների ուշադրությունը սևեռել այս լրջագույն խնդրի վրա: Եկեք մաքուր պահենք մեր Հայաստանը:
Քաղաքացիներն արդեն իսկ ուղարկել են բազմաթիվ լուսանկարներ, որտեղ պարզ երևում է՝ աղբը տարածվում է, խնդիրը չի նահանջում: