ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի ընտրական մրցաշարը հասել է վճռական կետին: Արդեն ութ հավաքականներն ապահովել են իրենց տեղը Ռուսաստանում կայանալիք մրցաշարին: Կան նաև թիմեր, որոնք ընդհուպ մոտեցել են իրենց նպատակին:
Առայժմ անորոշ է աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ճակատագիրը, որը հարավ-ամերիկյան գոտում ոչ-ոքի խաղալով հետնապահ Վենեսուելայի ընտրանու հետ՝ ընտրական խմբում հինգերորդն է, ինչը հնարավորություն է տալիս միայն անցումային խաղեր անցկացնելու:
Ի սկզբանե պարզ էր, որ Ռուսաստանի հավաքականը, որպես աշխարհի առաջնության կազմակերպիչ, երկիր մասնակցելու է աշխարհի 2018 թվականի առաջնությանը: Հիմա արդեն ռուսներին միացան յոթ հավաքականներ:
Եվրոպական ընտրական գոտուց Մունդիալի ուղեգիր առաջինն ապահովեց Բելգիայի հավաքականը, որն ութ խաղերում տոնեց յոթ հաղթանակ և մեկ հանդիպում էլ ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Բացի բելգիացիներից, աշխարհի առաջնության ուղեգրին շատ մոտ է Շվեյցարիայի հավաքականը, որն ութ խաղերում տարել է նույնքան հաղթանակ, բայց խմբում պայքարն առաջին տեղի համար դեռևս շարունակվում է, քանի որ Պորտուգալիան էլ ունի 21 միավոր:
Բաղձալի ուղեգիրը նվաճելուն շատ մոտ են նաև Գերմանիայի, Անգլիայի, Իսպանիայի հավաքականները: Եվրոպական ընտրական մյուս խմբերում առայժմ խճճված իրավիճակ է և դժվար է ասել, թե որ հավաքականին կհաջողվի առաջին տեղով ավարտել մրցաշարը: Իսկ ամենախճճված իրավիճակն I խմբում է, որտեղ չորս հավաքականներ՝ Խորվաթիան, Իսլանդիան, Ուկրաինան և Թուրքիան շարունակում են պայքարը խմբում հաղթելու համար:
Հիշեցնենք, որ Եվրոպական ընտրական գոտուց անմիջապես Մունդիալի ուղեգիր են ստանում խմբերում առաջին տեղ զբաղեցնող թիմերը: Իսկ հետո լավագույն արդյունքով երկրորդ տեղ զբաղեցրած թիմերը չորս ուղեգիր կվիճարկեն անցումային խաղերում:
Այս պահի դրությամբ, բացի Ռուսաստանի հավաքականից, աշխարհի 2018 թվականի առաջնության ուղեգիր են նվաճել Բրազիլիայի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Բելգիայի, Հարավային Կորեայի, Իրանի և Սաուդյան Արաբիայի հավաքականները:
Ընդ որում, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդն իր երկրի հավաքականին աշխարհի առաջնության ուղեգիր վաստակելու համար պարգևատրել է 1.3 միլիոն դոլարով: Պարզ ու հասկանալի է, որ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստներն էլ ավելի մեծ պարգևատրման կարժանանան, եթե հաջող հանդես գան Ռուսաստանում: