ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. 20-ամյա Օհան Ջորկաեֆը բոլոր շանսերն ունի համալրելու Հայաստանի երիտասարդական հավաքականը և թիմում հանդես գալու համար այժմ փորձաշրջան է անցնում Հայաստանում:
Սեպտեմբերի 5-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2019 թվականի առաջնության ընտրական հանդիպում է անցկացնելու Մակեդոնիայի իր հասակակիցների հետ: Այդ հանդիպմանն Օհան Ջորկաեֆը չի կարող մասնակցել, քանի որ Ֆրանսիայի քաղաքացիություն ունի: Փաստաթղթային խնդիրները լուծելուց հետո միայն հնարավոր կլինի երիտասարդ Ջորկաեֆին հայտավորել մեր հավաքականի կազմում:
Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հաստատեց Օհան Ջորկայեֆի՝ Հայաստանում գտնվելու փաստը և նշեց.
«Մենք միշտ էլ ձգտել ենք գտնել հայ ֆուտբոլիստների, որոնք կցանկանան հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է համապատասխանի մեր պահանջներին: Ներկայում ՕՀան Ջորկաեֆը մարզվում է երիտասարդական հավաքականի հետ, և մենք ուսումնասիրում ենք նրա խաղը»:
Օհան Ջորկաեֆն այժմ հանդիսանում է ֆրանսիական «Նանտի» ֆուտբոլիստ: 20 ամյա ֆուտբոլիստն իր պրոֆեսիոնալ առաջին պայմանագիրը կնքել է այս տարվա հուլիսին: Մինչև «Նանտ» տեղափոխվելը Օհան Ջորկաեֆը հանդես է եկել մի շարք ֆրանսիական ակումբների պատանեկան թիմերում: