ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Մինչև սեպտեմբերի 10-ը մանկապարտեզներ կընդունվի ավելի քան 9000 երեխա, աշխատանքային խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
«Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ մտահոգվելու խնդիր բացարձակ չկա: Մենք հստակ կանոնակարգել ենք աշխատանքները և համապատասխան կարգի համաձայն, սեպտեմբերի 1-ից մինչև 10-ը կկատարվի երեխաների ընդունելություն, որի արդյունքում ավելի քան 9000 երեխա ևս կսկսի հաճախել մանկապարտեզներ»,– ասել է Մարգարյանը:
Նրա խոսքով` քաղաքապետարանի նպատակն է հասնել նրան, որ այս խնդիրը վերջնական լուծում ստանա և հերթեր ու կուտակումներ այլևս չառաջանան:
Ըստ քաղաքապետի` մանկապարտեզներում երեխաների հերթագրման էլեկտրոնային համակարգը և համապատասխան կանոնակարգը շատ հարցերի լուծումներ են տալիս՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունը:
«Դեպքեր ունենք, երբ մեկ ամսական երեխաների են հերթագրել, ինչն իսկապես անհասկանալի է: Կամ որոշ ծնողներ դժգոհում են, երբ իրենց դեռ 2 տարեկանը չլրացած երեխային չեն ընդունում մանկապարտեզ՝ չմտածելով, որ եթե տվյալ մանկապարտեզում այդ տարիքային խմբի երեխայի համար պայմաններ չկան, ապա ո՞վ է կրելու պատասխանատվությունը, եթե, Աստված չանի, այդ երեխայի հետ մի բան պատահի. ծնո՞ղը, մանկապարտե՞զը: Հետևաբար, մեր ծնողներին կհորդորեմ զգայական դաշտից զատ, հարցին մոտենալ նաև այս տեսանկյունից»,- ասել է քաղաքապետը:
Նա նշել է, որ ամեն ինչ արվելու է երեխաներին նախադպրոցական կրթություն ապահովելու համար:
Աշխատակազմի հանրակրթության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է ակտիվացնել նոր կարգի հետ կապված հանրության շրջանում բացատրական աշխատանքները և մանկապարտեզներում ամենամսյա ընդունելությունը կատարել բացառապես «Մանկապարտեզ» էլեկտրոնային հերթագրման համակարգի պահանջներին համապատասխան: