ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Ժամը 16:30-ի դրությամբ Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայրում աշխատում է 18 մարտական հաշվարկ (Երևան քաղաքի և Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզային փրկարարական ջոկատներից), 8 օժանդակ մեքենա (օպերատիվ խմբերի կառավարման կետեր), 160 փրկարար ծառայող և մերձակա բնակավայրերից մոտ 100 բնակիչ: Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռնկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար:
Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր են իջեցվել փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև խնդիր է դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները: Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին:
Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք: