Դիանա Հարությունյան, Sputnik.
Արցախի անկախության հռչակման տոները հազիվ ավարտած` Ստեփանակերտն էլի տոնական պատրաստությունների մեջ է. սեպտեմբերի 7-ին կերդվի Արցախի անցումային փուլի նախագահ Բակո Սահակյանը:
Երդմնակալության արարողությունը տեղի կունենա այնպես, ինչպես սովորաբար է եղել: Ազգային ժողովի հատուկ նիստ կգումարվի, հետո Բակո Սահակյանը կերդվի։ Ահա երդման տեքստը.
«Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի»:
Հետո արդեն Սահակյանը պաշտոնապես կանցնի նախագահի իր պարտականություններին: Դրանք այդուհետ Արցախի նախագահների համար ավելի լայն են: Սահմանադրական փոփոխություններով Արցախը նախագահական կառավարման համակարգի անցավ: Այսուհետև այստեղ հրաժարվում են վարչապետի ինստիտուտից: Փոխարենը նոր պաշտոն է ստեղծվում՝ Արցախի պետնախարարինը:
Նա օրենքով սահմանված կարգով ու նախագահի թույլտվությամբ կանցկացնի կառավարության նիստը,որոշակի լծակների կտիրապետի:
«Ամեն բան տեղի կունենա, ըստ Սահմանադրության: Ոչ մի արտառոց բան», — մեզ հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
Բաբայանը, սակայն, չի շտապում բացել փակագծերը: Գործող կառավարությունն, իհարկե, հրաժարական կտա: Քանի նախարար հետո կաշխատի, ով ումով կփոխանինվի, և վերջապես ով է լինելու ինչ-որ իմաստով վարչապետություն անող Պետնախարարը, այս պահին դժվար է ասել:
«Մեկ ամսվա ընթացքում կտրվեն բոլոր հարցերի պատասխանները»,- ասում է Բաբայանը:
Հիշեցնենք` համաձայն գործող օրենսդրության, Արցախի նախագահը հանդիսանում է գործադիր իշխանության ղեկավար և զինված ուժերի գերագույն հրամանատար:
Նախագահ Բակո Սահակյանն արդեն պաշտոնավարել է երկու ժամկետ, ևս 3 տարի նա կղեկավարի Արցախն անցումային փուլում: Կարո՞ղ է արդյոք Բակո Սահակյանը նախագահ առաջադրվել նաև դրանից հետո: Դավիթ Բաբայանը խորհուրդ է տալիս կանխատեսումներին չտրվել:
Սահմանադրության փոփոխությունից հետո, ըստ էության, որևէ բան չի խանգարի Բակո Սահակյանին դարձյալ առաջադրվել: Նա երկու տարի պաշտոնավարել է կառավարման այլ համակարգ ունեցող Արցախում:
Արցախում նախագահական ուղիղ ընտրություններ տեղի կունենան միայն 2020-ին: