Առավոտ. «Ում աղբն է սա»
Այս օրերին հանրության քննարկման է դրված «Համայնքային թափոնների կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Տուգանքները խիստ են: Մինչև 1 խորանարդ մետր շինարարական կամ այլ իներտ թափոնով շրջակայքը աղբոտողը կտուգանվի նվազագույն աշխատավարձի՝ ֆիզիկական անձանց դեպքում քառասունապատիկի, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ հարյուրապատկի չափով (40000 և 100000 դրամ):
1 խմ-ից ավելի շինարարական կամ այլ իներտ աղբ թափող անձը կտուգանվի՝ ֆիզիկական անձանց դեպքում 100000 դրամ, իրավաբանական անձանց ՝ 300000 դրամ:
Նոր Նորքի շուկայի ետնամասում երեկ պատկերն ահավոր էր: Ո՞ւմ թափոնն է, նշյալ տարածքները գրավողներն ինչպես են որոշելու, թե ո՞ւմ աղբն է սա:
Հրապարակ. «Արմեն Աշոտյանը կմեկնի Բաքու. «սառը ցնցուղ» են ապահովելու»
Թեիթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին ԱԺ Եվրանեսթի խորհրդարանական պատվիրակությունն Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ կմեկնի Բաքու՝ մասնակցելու լիագումար նիստին:
Չնայած «ջենթլմենական» պայմանավորվածությանը՝ ղարաբաղյան հարցը չքննարկել, հայկական պատվիրակությունը ձևը կգտնի՝ «սառը ցնցուղ» ապահովելու մարդու իրավունքների դեֆիցիտից տառապող Ադրբեջանի համար, ինչին շատ հաճախ ադրբեջանական պատվիրակները սեղաններին «դոփելով» են արձագանքում:
Թերթը հիշեցնենում է՝ ժամանակին Բաքու էին մեկնել Վահան Հովհաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Թևան Պողոսյանը, անգամ Արտաշես Գեղամյանը՝ մասնակցելու Բաքվում տեղի ունեցող տարբեր հավաքներին:
Հայոց աշխարհ. «Երբ որոշում կկայացվի»
Հանրապետության նախագահի մամուլի քարտտուղար Վլադիմիր Հակոբյանն անդրադարձել է գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովի հայտարարությանը, ըստ որի, Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել մասնակցել Սիրիայում ականազերծման աշխատանքներին: Հարցին, թե արդեն կա նման որոշում հայկական կողմից, Վլադիմիր Հակոբյանը պատասխանել է. «Երբ որոշում կայացվի և բոլոր բարցերը հստակեցվեն, այդ ժամանակ էլ հանրությունը պատշաճ կարգով կտեղեկացվի»:
Հայկական ժամանակ. «30 հազար՝ դպրոց չգնալու համար»
ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ չհերքեց, որ երեխաներին դպրոց չուղարկող ծնողները կարող են տուգանվել: Նա նկատեց, որ այդ հնարավորությունը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով:
Վերջինիս 178-րդ հոդվածը, մասնավորարպես, սահմանում է, որ ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Այսինքն՝ 30 հազար դրամ:
«Ընդունված է, որ դպրոց հաճախելու համար պատասխանատուն ծնողն է: Բայց, ի վերջո, մենք հասկացանք, որ այս մեխանիզմը չի աշխատում, որովհետև շատ ու շատ ծնողներ անհետևողական են կամ ինչ-ինչ պատճառներով երեխաներին չեն թույլատրում դպրոց հաճախել: Դրա համար հիմա մենք փորձում ենք այդ խնդիրը լուծել պետական մակարդակով. նախ հայտնաբերել այդ երեխաներին, գնահատել նրանց կարիքները և արդեն համապատասխան աշխատանք տանել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, առողջապահության նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների և ոստիկանության հետ միասին: Այսինքն՝ նայած՝ ինչ կարիք ունի երեխան: Կարիք ասածը չի վերաբերում զուտ սոցիալականին: Պետք է հասկանալ՝ խնդրի էությունն ինչն է և այո, ուղղորդել, աշխատանքներ տանել, որպեսզի երեխաները հաճախեն դպրոց»,- ասել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետը»,-գրում է թերթը: