ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. «Նաիրիտ» գործարանի տարածքում ծխահարված հրշեջների կյանքին վտանգ չի սպառնում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ԱԻՆ մամուլի հետ կապերի պատասխանատու Գոհար Բաղդասարյանը։
«Արդեն երկրորդ օրը շարունակվող արտանետումները վտանգավոր չեն: Վտանգավոր կարող է լինել ծուխը, այն էլ միայն երեխաների ու քրոնիկ հիվանդների համար»,- նշեց նա:
Օգոստոսի 29-ի, ժամը 11։00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում հերթապահություն են իրականացնում 23 հրշեջ փրկարար, 7 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման և հովացման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր, այս պահին շարունակում է ծխալ հրդեհի 4 օջախներից մեկը: Բաղդասարյանը չբացառեց, որ օրվա ընթացքում կմարվի նաև այդ օջախը։
Վառվող նյութը՝ էթինոլը, բացի այրվող տարաներից, ուրիշ՝ մետաղական տարաներում էլ է պահվում, ուստի հրդեհաշիջմանը զուգահեռ հովացնում են այդ տարաները՝ նոր բռնկումները բացառելու համար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ԱԻՆ-ն ահազանգ էր ստացել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկել: Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր էին մեկնել տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հրշեջ-փրկարարներից երեքը ծխահարվել էին. նրանցից մեկին տեղում ցուցաբերվել էր բուժօգնություն, իսկ մյուս երկուսը տեղափոխվել էին «Էրեբունի» ԲԿ։