«Ժողովուրդ». Կթանկանա
Թերթի տեղեկություններով` առաջիկայում հացը կթանկանա 20 դրամով, կամ էլ հացարտադրողները կնվազեցնեն հացի քաշը:
«Պատճառը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Իշխան Կարապետյանի որոշումն է, ըստ որի՝ հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սեպտեմբերի 1-ից պարտադիր է սանիտարական անձնագիրը ունենալը, այլապես նրանք կտուգանվեն մինչև 300 հազար դրամով: Սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրեր ձեռք բերելը ֆինանսական լրացուցիչ ծախսեր է ենթադրում. մեկ մեքենայի համար փորձաքննության արժեքը 15 հազար դրամ է, բայց մեքենայի կահավորելու արժեքը ըստ չափսերի է՝ մինչև 100 հազար դրամ: Հացարտադրողները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բողոքեցին ՍԱՊԾ որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ փորձելու են ծախսերը կոմպենսացնել կա՛մ հացը թանկացնելու, կա՛մ արտադրանքի քաշը նվազեցնելու միջոցով»,- գրում է թերթը:
«Հրապարակ». Դատավոր չկա
Օգոստոսի 2-ից թոշակի գնացած Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանին փոխարինող չկա։
«Երբ Երևանում դատավորի հաստիք է ազատվում, նշանակումը չի ուշանում, ավելին` դեռ հաստիքը չազատված, հազար ծանոթ են խառնում, որ նշանակվեն։ Շիրակի դեպքում այլ է. մարզի մեր աղբյուրները պնդում են, որ հնարավոր է այս տարի նշանակում չլինի, քանի որ առաջխաղացման ցուցակում գյումրեցի թեկնածու չկա, իսկ մյուսներն էլ չեն ցանկանում աշխատել Գյումրիում։ Եթե հարմար թեկնածու չգտնեն, նշանակումը կլինի հաջորդ տարի։ Այս ընթացքում դատերը բաշխվում են մյուս դատավորների վրա»,-գրում է թերթը։
«Առավոտ». Հայաստանի 1 բնակչին 1 տարում 18.4 տոննա թափոն է բաժին ընկնում
Նախորդ տարի մեր հանրապետությունում առաջացել են 55 միլիոն 661.1 հազար տոննա թափոններ, որոնցից 48 միլիոն 850.4 հազար տոննան տեղափոխվել են թափոնակուտակիչներ։
«Այս թվի 99 տոկոսը բաժին է ընկնում կազմակերպություններին։ Ըստ նույն աղբյուրի` կազմակերպությունների տարածքում առաջացած թափոնների քանակը հանրապետության մեկ բնակչի հաշվով կազմել է 18.4 տ, հանրապետության տարածքի մեկ քառակուսի կմ-ի հաշվով` 1937.8 տոննա։ Թափոններով ամենաշատն աչքի է ընկնում Գեղարքունիքի մարզը, ապա Լոռու մարզն է։
«Հրապարակ». Երիտասարդն արյան քաղցկեղ է ստացել ապրիլյան պատերազմից հետո»
Մատաղիսում ծառայած Գառնիկ Բագրատյանը բանակից վերադարձել է ծանր լեյկոզով։ Հարազատները նկատել են, որ տուն գալու օրվանից նա ջղագրգիռ է, դեպրեսիվ պահվածք ունի։
«Մի քանի օր անց քթից ու բերանից արյուն է հոսել։ Բժիշկներն արյան քաղցկեղ են հայտնաբերել` սուր լեյկոզ։ Պատճառը, ըստ նրանց, կարող էր ուժեղ վախը լինել։ Տղայի հարազատները սա հնարավոր են համարում, քանի որ Գառնիկը մասնակցել է ապրիլյան պատերազմին և կարող է ուժեղ վախ ապրած լինել։ Երեկ հայրը ստացել է հետազոտության պատասխանը` արագացված սուր լեյկոզ։ Ընտանիքը շոկի մեջ է։ Թե որքան կարժենա բուժումը, դեռ չգիտեն։ Բուժման դիմաց վճարելու փող ընտանիքը չունի, և համացանցում դրամահավաք է կազմակերպվել»,- գրում է թերթը։