«Ժողովուրդ». Ո՞ւր են գնում քաղաքային բյուջեի փողերը
Թերթը պարզել է, որ քաղաքապետարանը 500 հատ կոնյակի դիմաց բյուջեից վճարել է 11 մլն 850 հազար դրամ: «Կոնյակները, պարզվում է, նախատեսված են «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար: Տեխնիկական բնութագրում նշված է, որ քաղաքապետարանը պահանջում է, որ կոնյակը լինի «Էրեբունի-Երևան 2799» հոբելյանական լոգոյով:
Ի դեպ, քաղաքապետարանը պահանջել է նաև, որ կոնյակներն ունենան 10 տարվա հնեցում։
Փաստորեն, մի երկրում, որտեղ ամեն երրորդ բնակիչը պաշտոնական տվյալներով աղքատ է, որի բանակը հակառակորդի դեմ կռվում է 80-ականների զենքով, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը չունի համապատասխան տեխնիկասարքավորումներ՝ հրդեհները հանգցնելու համար, մայրաքաղաքի ղեկավար Տարոն Մարգարյանն իր հաճույքի համար շռայլ ծախսեր է անում՝ այդպես մսխելով համայնքի բյուջեն»,- գրում է թերթը:
«Հայկական ժամանակ». թուրքական լոլիկի վերաարտահանման հետքերով
Թերթը հայտնում է, որ Հայաստանից լոլիկի արտահանման ծավալները կտրուկ նվազում են: Այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 18.5 հազար տոննա լոլիկ, անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ավելի քան 30 հազար տոննայի դիմաց:
Նվազումը կազմում է մոտ 40 տոկոս: Ընդ որում, եթե անցած տարի մեկ կիլոգրամ լոլիկը, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանից արտահանվել է 65 ցենտով, ապա այս տարի՝ 50 ցենտով:
«Այսինքն նույնիսկ գնի անկման պայմաններում արտահանման ծավալները նվազել են: Այս փաստը ուշագրավ է նրանով, որ անցած տարի կառավարությունը պարծենում էր, թե լոլիկի արտահանումը նախորդ տարիների համար բազմապատկվել է, սակայն բոլորի համար ակնհայտ էր, որ դա պայմանավորված է ՌԴ-ի կողմից Թուրքիայի դեմ կիրառած պատժամիջոցներով և թուրքական լոլիկը ընդամենը վերաարտահանվում էր դեպի Ռուսաստան հայկականի անվան տակ:
Ձմեռային և գարնանային ամիսներին արտահանման այդպիսի ծավալներ ապահովելու համար անհրաժեշտ ջերմոցային տնտեսությունների առկա հզորություններ Հայաստանում չկան, և այս 40 տոկոս անկումը պայմանավորված է նրանով, որ ընդամենը նվազել են թուրքական լոլիկի վերաարտահանման ծավալները»,- եզրակացնում է «Հայկական ժամանակը»:
«Ժողովուրդ». Հայ-թուրքմենական հարաբերությունների հակառակ կողմը
Թերթն անդրադարձել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հայաստանյան այցին` երկու երկրների տնտեսական հարաբերությունների տեսանկյունից։
«Ժողովուրդը» պաշտոնական փաստաթղթերից պարզել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքմենստանից Հայաստանում ներդրումներ չեն արվել, արտաքին առևտրաշրջանառության ծավալներն էլ չնչին են: Իսկ ինչ վերաբերում է առևտրին, ապա այն գնալով միայն նվազում է:
«Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Թուրքմենստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2015 թվականին կազմել է 17 մլն 785 հազար 500 դոլար, իսկ անցած տարի նվազել է՝ հասնելով 11 մլն 957 հազար 800 դոլարի. սա արտաքին առևտրաշրջանառության 0.2 տոկոսն է կազմում: Նվազման տեմպերը պահպանվել են նաև այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում, երբ նախորդ տարվա հունվար-հունիս ամիսներին 8.6 մլն դոլարի առևտրի փոխարեն այս տարի ապրանքաշրջանառությունը կազմել է հազիվ 2.6 մլն դոլար: Սակայն այս մասին պաշտոնական քարոզչամեքենան ոչինչ չասաց»,- գրում է թերթը: