Դժվար է պատկերացնել հային՝ առանց նարդու։ Ճիշտ է` ներկայիս համացանցային դարն ամեն ինչ արմատապես փոխել է մեր կենսակերպում, և այսօրվա երիտասարդ սերունդը նախընտրում է խաղալ հիմնականում միայն առցանց խաղեր: Բայց կար մի ժամանակ, երբ Հայաստանում նարդի, թերևս, խաղում էին բոլորը, մեծից փոքր, և այն, իրոք, մեզ մոտ ամենատարածված սեղանի խաղը կարելի էր համարել: Հիմա էլ, սակայն, միջին տարիքի և ավելի բարձր սերունդը բոլոր խաղերից առավել նախընտրում է նարդին:
Խաղում են բոլորը
Մեզ` հայերիս համար նարդին ոչ միայն սովորական խաղ է, այլ, կարելի է ասել, որոշ չափով նաև յուրօրինակ ինքնաարտահայտման միջոց է: Նարդի են խաղում ամենուր՝ տանը, բակում, հյուրընկալվելիս: Այս խաղը կարելի է խաղալ և՛ նստած, և՛ կանգնած՝ միայն թե խաղատախտակը հաստատուն հենարան ունենա: Նարդին նույնիսկ իրենց հետ են վերցնում քաղաքից դուրս` խնջույքի գնալու ժամանակ, և անգամ ավանդական խորովածից առաջ ու հետո՝ նարդու թեժ մարտերը միշտ անպակաս են:
Նարդին տրամաբանական խաղ է և նման է շախմատին, որտեղ գնահատվում է ճկուն միտքը, քայլերի հերթականության ճշգրիտ հաշվարկը և արագ կողմնորոշվելու ունակությունը: Այդ բոլոր բնորոշումները նարդիում նույնպես կարևոր են, բայց այստեղ գումարվում է նաև զառի նետման գործոնը, որով վիճակվում է հաջորդ քայլերի քանակը: Իսկ դա արդեն ուղեկցվում է խաղացողների կողմից արտահայտվող բուռն զգացմունքայնությամբ, որը, թերևս, բացակայում է նույն շախմատում:
Նարդին իր բնույթով նաև հանրային խաղ է, և շատ դեպքերում խաղի ողջ ընթացքը կարող է համեմվել հանդիսատեսի տված անդադար խորհուրդներով: Խաղում առավել գնահատվում է 6:0 «չոր» հաղթական հաշիվը՝ երեք մարսով, և դա հաղթողի գերագույն պարծանքն է դառնում: Դժվար է հիմա, իհարկե, պատկերացնել, բայց կար մի ժամանակ, երբ Երևանում տպագրվում և վաճառվում էին այսպես կոչված «ղազագրեր»: Դրանք հատուկ թերթիկներ էին, որտեղ լրացվում և «վավերացվում» էին նմանատիպ «չոր» հաղթանակները:
1960-ականներից Երևանում սկսեց ձևավորվել ոչ միայն բակերում, այլ նաև այգիներում՝ հատուկ հատկացված տաղավարներում սեղանի խաղերի կազմակերպման մշակույթը: Այստեղ խաղում էին շախմատ, շաշկի, թղթախաղ, դոմինո, սակայն ամենասիրված խաղն, իհարկե, նարդին էր: Հիշենք, օրինակ, Կոմայգին (հիմա այն կոչվում է Մանկական այգի) կամ ներկայիս Սիրահարների այգին. ահա այստեղ էին հիմնականում գտնվում երևանյան սեղանի խաղերի կենտրոնատեղիները:
Խաղացողի արձանը
2007 թվականի նոյեմբերին Երևանի կենտրոնում նարդի խաղացողի արձան տեղադրվեց: Այն այդպես էլ կոչվում է՝ «Նարդի խաղացողը»: Արձանը բրոնզից է, հեղինակն է քանդակագործ Էդուարդ Շախիկյանը: Արձանը գտնվում է Դրամատիկական թատրոնի շենքի հարևանությամբ, Մոսկովյան պուրակում, «Առագաստ» սրճարանից ոչ հեռու: Որքան հայտնի է, բացի Երևանից, նարդի խաղացողների մեկ այլ արձան էլ կա նաև Վլադիկավկազ քաղաքում:
Այս արձանի մտահղացումը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Կուրաժ» պրոդյուսերական կուրսինն է եղել։ Ժամանակին կուրսի ղեկավար Ռուբեն Ջաղինյանն իր ուսանողներին հանձնարարել էր մտածել հետաքրքիր արձաններ և այնուհետև կյանքի կոչել այդ գաղափարները։ Ուսանողներից մեկն առաջարկել է ստեղծել նարդի խաղացողներին նվիրված մի քանդակ, և այդ գաղափարը մեծ հաջողությամբ կյանքի է կոչվել:
Արձանը շատ բնորոշ է, ժողովրդական, առանց ավելորդ պաթոսի, և այն զարմանալի կերպով ներդաշնակում է հարակից պուրակի միջավայրին: Խաղացողը նարդու տախտակի առջև մենակ է նստած, նրա հետ «խաղալ» ու լուսանկարվել կարող է ցանկացած մարդ, և առաջին իսկ տպավորությունն այնպիսին է, որ բրոնզաձույլ խաղացողն ինքն է ձեզ կանչում դա անել: Համաձայնեք, որ ցանկացած երևանյան բակում կա այդպիսի մեկը, որն ամբողջ օրը տնային հանդերձանքով՝ «մայկան», սպորտային շալվարը և հնամաշ հողաթափերը հագին, կարող է նստարանին նստած հարևանների հետ անդադար նարդի խաղալ:
Պատմությունից
Նարդին, ըստ էության, միաժամանակ մոտ է և՛ սպորտին, և՛ գիտությանը, և՛ արվեստին: Այն աշխարհի հնագույն խաղերից մեկն է համարվում: Հնագիտական փաստերը վկայում են, որ նարդու նման մի խաղատեսակ խաղում էին արդեն Հին Եգիպտոսում՝ մ. թ. ա. 3500 թվականին: Նարդու հնագույն խաղատախտակներից մեկը հայտնաբերվել է այսօրվա Իրանի տարածքում և թվագրվում է մ.թ.ա. 3000 թվականով:
Նարդին Եվրոպա եկավ Արևելքից. համարվում է, որ այս խաղը տարածում ստացավ Եվրոպայում, երբ խաչակրած արշավանքներից հետո խաչակիրները սկսեցին վերադառնալ հայրենիք: Նրանք իրենց հետ տուն բերեցին նաև նարդի խաղալու մշակույթը, և 13-րդ դարից սկսած նարդին Եվրոպայի ամենատարածված խաղերից մեկը դարձավ:
Արևմտյան Եվրոպայում նարդին սկսեցին կոչել ֆրանսիական տարբերակով՝ «տրիկտրակ» (trictrac), որը մինչ հիմա էլ գործածական է: Այս անվանումը, հավանաբար, առաջացել էր խաղատախտակի վրա զառերի հարվածի բնորոշ ձայնից: Անգլերենում նարդին այլ անվանվում ունի՝ «backgammon», իսկ ահա նարդու ժամանակակից կանոնները սահմանվել են 1743 թվականին՝ անգլիացի Էդմոնդ Հոյլի կողմից: