ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Օրերս լրագրող Թաթուլ Հակոբյանը «Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը՝ թալանված» վերտառությամբ հոդված էր գրել, ըստ որի` «40 կիլոմետրանոց երկաթգծից ոչինչ չի մնացել» և որ «երկաթյա ռելսերը և ինժեներական ամբողջ համակարգն ուղղակի գոյություն չունեն»։ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր այս հոդվածին։
«Դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քրեական գործ հարուցել լրագրող-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի հոդվածի առթիվ: Սպասենք արձագանքի»,- գրել էր պատգամավորը:
Մինչ դատախազության արձագանքը, Sputnik Արմենիան դիմեց Մարուքյանին: Պարզվեց` տեղի ունեցածի մանրամասներից տեղյակ չէ. դատախազություն դիմել է՝ բացառապես հոդվածի տեղեկատվությունը հիմք ընդունելով:
«Պահանջել եմ, որ պետական գույքի այս թալանի դեպքով գործ հարուցվի: Ավելին այս պահին չեմ կարող ասել: Երբ կլինի ուսումնասիրություն, կլինի պատասխան՝ կպատասխանեմ»,-մանրամասնեց պատգամավորը:
Արդյոք կա՞ն պետական գույքի թալանի այսպիսի օրինակներ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի դիտակետում:
Մարուքյանը պատասխանեց՝ եթե լինում է, արձագանքում են: