Արման Վանեսքեհյան, Sputnik.
Ո՞վ կամ ի՞նչն է խանգարում Հայաստանի ամենահեռանկարային ոլորտներից մեկի` զբոսաշրջության զարգացմանը, որի հետ շատ հույսեր են կապում` երկրի ֆինանսական ու տնտեսական առաջընթացի տեսանկյունից։
Զբոսաշրջության խոսուն թվերը
Ասել, թե այս տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը հսկայական աշխատանք է կատարել ամենահեռանկարային ու ամենախոստումնալից ոլորտի` զբոսաշրջության զարգացման համար, նույնն է, թե ոչինչ չասել։
Վերջին կես տարվա ընթացքում գրանցված աճի ցուցանիշներն իսկապես խոսուն են։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 25 տոկոսով ու հասել 1 350 000–ի։
Վիճակագրության համաձայն` եթե անցած տարիներին Հայաստան այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ միջինը ութ հարյուր դոլար էր ծախսում, ապա այս տարի այդ թիվը հասել է 1000 դոլարի։
Հենց միայն սրա համար Կարեն Կարապետյանի կառավարությունը գովեստի է արժանի։ Չէ՞ որ հենց ներկայիս վարչապետը կառավարության ղեկավարի պաշտոնում իր գործունեությունը սկսեց զբոսաշրջության ոլորտը զարգացնելու մասին խոսակցություններից։ Համապատասխան ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտության, ծառայությունների մակարդակը բարձրացնելու, եվրոպական ստանդարտներին մոտեցնելու մասին։ Վարչապետը խոսեց փոքր բիզնեսի հետ աշխատելու անհրաժեշտության մասին, որը մասնագիտանում է հենց զբոսաշրջության ոլորտում, խոսեց միջին բիզնեսի խթանման մասին։
Ընթացիկ արդյունքի հասանք, բայց….
Նշված թվերը նաև նոր աշխատատեղեր են ենթադրում։ Այսինքն` փոքր ու նաև միջին բիզնեսը զարգանում է, վերջին տարիներին կառուցված մեծաթիվ հյուրանոցներն էլ նոր կյանք են ստանում։
Կարծում եմ` ցուցանիշները դեռ ավելի կմեծանան ու հնարավոր կլինի խոսել բյուջե գնացող «տուրիստական» գումարների մասին։ Այդ թիվն իսկապես պետք է տպավորիչ լինի։ Եթե պետական հարկային ծառայություններն իրենց հերթին ճիշտ աշխատեն։
Այն, որ զբոսաշրջիկների թիվն աճել է, ակնհայտ է. այդ հարցում կարելի է համոզվել երեկոյան Երևանով զբոսնելիս։ Կամ եթե, ասենք, Սևան գնանք կամ նույնիսկ Սյունիքի հեռավոր քաղաքներ։
Հասկանալի է, որ իրենց դերակատարությունն են ունեցել նաև մեր գործընկերներ Ռուսաստանն ու Իրանը։ Ռուսաստանի քաղաքացիներն արդեն կարողանում են Հայաստան այցելել ներքին անձնագրերով, իսկ Իրանի հետ առանց վիզայի ռեժիմ է սահմանվել։
Հայաստան այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն աճել է ռեկորդային 33 տոկոսով, իրանցիներինը` 27 տոկոսով (անցած տարվա համեմատ)։
Ուզում եմ հավատալ, որ երկիրն այս տեմպերով իսկապես կհասնի այն ցուցանիշներին, որոնք գրված են կառավարության` զբոսաշրջության զարգացման ծրագրում։ Խնդիր է դրված մինչև 2020 թվականը ցուցանիշը հասցնել երեք միլիոնի։
Սակայն պետք է ասել, որ զբոսաշրջության ոլորտում ամեն ինչ չէ, որ հարթ է, և դժվար է լինելու հարևան երկրների մակարդակին հասնելու ուղին։
«Ավիաիրարանցում». մասնակիցներին դատել ողջ խստությամբ
Ավիատոմսերի թանկացման հետ կապված սկանդալի մասին երևի կխոսեն մենաշնորհի դեմ պայքարող պետական կառույցները։ Կառավարությունն ընդհանուր առմամբ այստեղ բավականին շատ անելիք ունի։ Ու կոնկրետ քրեական հետաքննություններն էլ, կարծում, եմ, սարերի հետևում չեն։
Հետաքննել է պետք ոչ միայն այն ավիաընկերությունների գործունեությունը, որոնք թռիչքներ են իրականացնում Ռուսաստանից Երևան, այլ նաև փոքր միջնորդ ընկերությունների, որոնք իրենց դերն ունեն ավիատոմսերի թանկացման հարցում։
Ի վերջո, Հայաստան այցելած զբոսաշրջիկը վերջում կհաշվի, թե ինչ արժեցավ հայաստանյան հանգիստը և այլևս չի ցանկանա գալ մեր երկիր։ Իսկ նրանք հաստատ կուզեին տեսնել ոչ միայն Սևանը, այլև Դիլիջանը, Ջերմուկը, Գորիսը, Խնձորեսկը։
Այնպես որ պետությունը պետք է հաշվի առնի, որ ավիաընկերությունների ու միջնորդ ընկերությունների խարդախությունները կհարվածեն, առաջին հերթին, զբոսաշրջությանը։
Խնդիրներն ավելի շատ են, քան ենթադրվում էր
Մեդալը հակառակ կողմ էլ ունի։ Համապատասխան կառույցները պետք է ուշադիր հետևեն հյուրանոցների գներին։ Մի՞թե որևէ մեկը կարծում է, որ Հայաստանն իր գներով կարող է մրցել հենց նույն Վրաստանի հետ, որը ծով ունի։
Համացանցում մի հետաքրքիր ցանկ կա, որը ներկայացնում ենք մեր ընթերցողին։
Այսպես.
Հանգիստը Սևանի հյուրանոցի երկտեղանի համարում (նախաճաշով) մեկ մարդու համար սկսում է օրական 32 դոլարից, այն դեպքում, որ նույն պայմաններով հանգիստը Բաթումում կարժենա 15 դոլար։
Մեկ հոգու հանգիստը երկտեղանի համարում (նախաճաշով) Ջերմուկում սկսում է 50 դոլարից, Բորժոմում` 40, Բակուրիանիում` 54, Ծաղկաձորում` 83 դոլարից։
Իսկ հյուրանոցային համարների արժեքը Երևանում ու Թբիլիսիում սկսում է 100 դոլարից (չգիտեմ` վրացիներն ինչ են մտածում, բայց վստահ եմ, որ զբոսաշրջիկներին դուր գան այս թվերը, որոնք ավելի բարձր են, քան եվրոպական երկրներում)։
Այնպես որ, եթե ցանկանում ենք 2020 թվականին հասնել երեք միլիոնանոց ցուցանիշին, ապա այս ամենին պետք է իսկապես մեծ ուշադրություն դարձնել։