ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik, Աննա վարդանյան. Բազեն արդեն 15 տարեկան է: 15-ամյա պատանին այս տարիների ընթացքում Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ու Ջավախքի ավելի քան 8000 երիտասարդ է համախմբել հայրենիքում՝ եռագույնի ու օրհներգի հնչյունների ներքո: «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի կանցկացվի օգոստոսի 21-27-ը՝ Ծաղկաձորում։ Այս տարի հավաքին կմասնակցի 405 երիտասարդ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Արուսյակ Պողոսյանի խոսքով՝ հավաքի հիմնական նպատակն է՝ բացահայտել տաղանդաշատ երիտասարդների, նրանց տալ ինքնադրսևորման հնարավորություն, սերմանել թիմային աշխատանքի և արդար մրցակցության ոգի։ Քանի որ տարին հոբելյանական է, բացառություն են արել. այս անգամ թույլ է տրվում նախկինում հավաքին մասնակցած երիտասարդին կրկին մասնակցել «Բազեին»:
Այս տարի ևս ջոկատը կազմված է լինելու 9 մասնակցից, այդ թվում` ջոկատի ղեկավարը: Ջոկատի կազմում պետք է ընդգրկված լինի առնվազն 4 աղջիկ: Այդ 7 օրերի ընթացքում նրանք կմրցեն տարբեր ոլորտներում. սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, բազկամարտ, մինի ֆուտբոլ, ազգային խաղեր, լող, երգ, պար, ֆիլմ, հումոր, նորաձևություն, նկարչություն, լուսանկարչություն, բրեյն-ռինգ և «Բազե բանալի» անվանակարգում։
«Բազե-2017-ի» ծրագրում կատարվել են որոշակի փոփոխություններ։ Բացի ավանդական մշակութային համարները, բազեականները հոլովակների ձևով կներկայացնեն իրենց տեսլականը Հայաստանի ապագայի ու զբոսաշրջության մասին:
Բազեականներին կազմակերպիչները խոստանում են հետաքրքիր հյուրերով, անակնկալներով լի թեժ շաբաթ:
«Բազե» երիտասարդական հավաքն առաջին անգամ անցկացվել է 2002 թվականին, և ամեն տարի այն սպասված ու պահանջված ծրագիր է բազմաթիվ երիտասարդների համար։